Մատչելիության հղումներ

Թուրքիան ուսումնասիրում է կործիչներ մատակարարելու Ռուսաստանի առաջարկը


Ռուսական արտադրության Су-35 կործանիչները ցուցադրական թռիչքի ժամանակ, արխիվ
Ռուսական արտադրության Су-35 կործանիչները ցուցադրական թռիչքի ժամանակ, արխիվ

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործիչներ մատակարարելու մասին Ռուսաստանի Դաշնության առաջարկը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք ռուսական առաջարկ ունենք, և մենք այս պահին վերլուծում ենք, գնահատում ենք այս առաջարկը: Այն պետք է ուսումնասիրել ֆինանսական, տեխնիկական և ռազմավարական տեսանկյունից: Այս պահին խոսք չկա ռուսներին պատասխան տալու մասին», - թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է Դեմիրը՝ հավելելով, թե Թուրքիայում շարունակվում է ռուսական С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը:

Հոկտեմբերի 25-ին թուրքական Daily Sabah թերթը հաղորդել էր, որ Անկարան և Մոսկվան մոտ են եղել 36 հատ Су-35 կործանիչ մատակարարելու պայմանագիր կնքելուն: Հրապարակման համաձայն՝ կողմերը կարող են նաև պայմանավորվել, որ հետագայում Թուրքիան նաև որոշ բաղադրիչներ կարող է արտադրել ռուսական ինքնաթիռների համար:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, թե Մոսկվայի և Անկարայի միջև խորհրդակցություններ են ընթանում Су-35 և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ, սակայն պայմանագրեր կնքելու հարցը դեռ չի քննարկվել:

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքեց տեղեկությունները, թե Անկարան պատրաստվում է գնել ռուսական Су-35 կործանիչներ: Աքարի խոսքով՝ այդ տեղեկությունները «ճշմարիտ չեն»:

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին քննարկումներն ակտիվացան օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Մոսկվա կատարած այցից հետո: MAKS-2019 ավիաշոուի ընթացքում Էրդողանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական կործանիչների նկատմամբ, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե չի բացառում ամերիկյան F-35-ի փոխարեն Су-35 և Су-57 գնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի վաղաժամ մատակարարումը Թուրքիային: «Չնայած պատժամիջոցներին՝ մենք ժամկետից շուտ հանձնեցինք C-400 համակարգի բոլոր բաղադրիչները Թուրքիային», - ասել էր Միխեևը:

Հիշեցնենք նաև, որ ռուսական С-400-ի մատակարարումը Թուրքիային սկսվել էր հուլիսի 12-ին: Պաշտոնական Վաշինգտոնը 2017 թվականին կնքված 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուս-թուրքական համաձայնագիրը կտրուկ քննադատել էր: Հուլիսի 18-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին կասեցվում է: Մոսկվան, իր հերթին, առաջարկել էր Անկարային մատակարարել ռուսական Су-35-ը՝ ամերիկյան F-35-ի փոխարեն:

XS
SM
MD
LG