Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս է հասցվել. ԱԱԾ


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Արդյո՞ք Գագիկ Խաչատրյանն այդքան վնաս է հասցրել և պատրաստվում է այն վերականգնել, նախկին ազդեցիկ պաշտոնյայի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հրաժարվել է մեկնաբանել:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից «Ազատությանը» հայտնել էին, որ այն ժամանակ դեռ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի յուրացման կամ վատնման համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ուրիշի գույքի վատնումը կազմակերպելու համար։

Մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների, Պետեկամուտների կոմիտեում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։

Ավելի վաղ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, թե մեղադրանքում մոտ 230 միլիոն դրամ վնասի մասին է նշված։

«Քանի որ մեղադրանքի ծավալում 230 միլիոն դրամի չափով վնաս, մենք ասում ենք՝ նաև այդչափով պատրաստ ենք գրավ վճարել», - ասել էր Սարգսյանը։

Պաշտպանական կողմն այդչափ գրավ էր առաջարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Խաչատրյանին ազատ արձակելու համար։ Սակայն հոկտեմբերի 24-ին դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունն ու բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Երկար տարիներ պետական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանը, ըստ տարբեր հետաքննությունների, ներգրավված է եղել խոշոր կոռուպցիոն գործարքներում։ Դեռ 2015-ին «Ազատությունը» պարզել էր, որ Խաչատրյանի ղեկավարության շրջանում Ֆինանսների նախարարությունը 10 մլն դոլարի պատվեր էր տվել նախարարի հորեղբորորդու ընկերությանը։

Հանրության շրջանում մեծ արձագանք ստացան նաև Խաչատրյանի որդիների առանձնատների մասին «Հետք»-ի և «Սիվիլնեթ»-ի հետաքննությունները։ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, ըստ «Հետք»-ի, իրենց հոր պաշտոնավարման տարիներին Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել ապա վաճառել 18 միլիոնով: Բացի այդ Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա էին կառուցում։

«Սիվիլնեթ»-ի հետաքննության համաձայն էլ, Խաչատրյան եղբայրները 2,6 միլիոն եվրոյով բնակարան էին գնել Էյֆելյանի աշտարակի հարևանությամբ։

2014-ին ներկայացված պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Խաչատրյանը նշել է, որ ունի երկու բնակարան, մեկ առանձնատուն, 269 միլիոն դրամ, և մոտ 3 միլիոն դոլար։

Խաչատրյանների ընտանիքին են պատկանում մի շարք խոշոր ընկերություններ։

XS
SM
MD
LG