Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը


Գագիկ Խաչատրյան, արխիվ
Գագիկ Խաչատրյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե իր արարքները որակվեն հանցագործություն։

Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննության ավարտից հետո այսպիսի հայտարարություն արեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Բայց էս ընթացքում ինչի կալանքի տակ պահել և՝ անորոշ ժամկետով, հատկապես եթե պետության, կոպիտ եմ ասում, գլխին կախվում է նաև Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը», - հավելեց փաստաբանը:

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդել էր, որ նախկին պաշտոնյայի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվի։

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար մեղադրվող Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը կեսօրին։

«Իրենց հիմնավորումները ըստ էության նույն են՝ որ ազատության մեջ գտնվելու դեպքում կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալուն գործեր ունեն անելու», - ասաց Սարգսյանը:

Խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նախկին ազդեցիկ պաշտոնյան ներկա չի եղել: Փաստաբանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նրա առողջական վիճակով: Նաև այդ հանգամանքը մատնանշեց, որ Խաչատրյանը չի կարող կալանքի տակ մնալ։

Ըստ փաստաբանի, Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որը հնարավոր չէ անել Հայաստանում․ - «Խոսք է գնում ողնուղեղի վրա ճնշման [մասին]: Այսինքն ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, որը որ հաստատվել է նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից»:

Երեմ Սարգսյանի խոսքով, իրենք Խաչատրյանի փափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել: Պատրաստ են մեղադրանքում նշվող շուրջ 210 միլիոն դրամ վնասի չափով գրավ վճարել։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։ Նրա կալանքի ժամկետն այսօր մեկ ամսով երկարաձգվեց։

Երեմ Սարգսյանը ենթադրում է, որ վաղը իր պաշտպանյալի կալանքը ևս կերկարաձգվի․ - «Եթե անկեղծ ասեմ, նախորդ որոշման համատեքստում անհնար է ակնկալել, որ դատարանը էստեղ անաչառ կգտնվի»:

Խաչատրյանին ու իր եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների, Պետեկամուտների կոմիտեում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Ողջ կյանքը պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին են պատկանում մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում՝ «Յուքոմ»-ը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։

XS
SM
MD
LG