Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Գագիկ Խաչատրյան, արխիվ

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նրա փաստաբանների բողոքը առաջին ատյանի դատարանի` Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դատական համակարգը Հայաստանում կործանված է։

«Այս պահին, որ Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը որ միշտ աչքի է ընկել իր կայացրած որոշումներով՝ անկախ, օբյեկտիվ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ», - ասաց Երեմ Սարգսյանը։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով` նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

Մեղադրանքի հետ կապված այլ մանրամասներ թե՛ նախաքննական մարմինը, թե՛ փաստաբանը չեն փոխանցում՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին:

Երեմ Սարգսյանը մանրամասնում է՝ Գագիկ Խաչատրյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դեպոզիտային հաշվին է փոխանցել 200 մլն դրամից ավելի գումար՝ որպես ենթադրյալ մեղադրանքի հնարավոր վնասի փոխհատուցում: Սա, ըստ փաստաբանի, արվել է պատշաճ վարքագիծը ցույց տալու համար, դատարանը, սակայն, այս փաստը ևս հաշվի չի առել։

«Էդ գումարը այս պարագայում ամենահետին պլանի երևույթ է, որովհետև մինչև այդ գումարի հարցին անդրադառնալը պետք էր ամենաառաջնային հարցերի անդրադառնալ, որոնց մասին ես նշեցի, այսինքն՝ դատարանը նախ պարտավոր էր հիմնավոր կասկած արձանագրել, դրանից հետո ասել, որ կալանավորման հիմքեր կան, դրանից հետո նշել, որ գրավի կիրառումը չի կարող այս դեպքում թույլատրելի լինել, էս ամեն ինչի համատեքստում նոր անդրադառնալ՝ այդ գումարը մուծվել է, չի մուծվել», - նշեց փաստաբանը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Փաստաբանները բողոքարկել են այս որոշումը: Իսկ թե ինչ միջոցներով է Խաչատրյանը դեպոզիտային հավին 200 մլն դրամից ավելի գումար փոխանցել, փաստաբանը չմանրամասնեց, ավելի վաղ հայտնել էր, որ փոխանցումը կատարվել է արտասահմանից։

«Թույլ տվեք այդ հարցին այս պահին չպատասխանել, որովհետև ով որ փոխանցել է, ես իրավասու չեմ դրա մասին մեկնաբանություն կատարել», - ասաց Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանը նաև առողջական խնդիրներ ունի: Փաստաբանը փոխանցեց, որ իր պաշտպանյալն իրեն արգելել է այս մասով մանրամասներ փոխանցել, բայց դատարան է ներկայացվել եզրակացություն այն մասին, որ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնությունը Հայաստանում նրան մատուցել չեն կարող:

«Եթե մենք վերաքննիչ բողոքի կետերը նայենք, նույն առողջական մասով հստակ հիմնավորումներ են ներկայացված, որոնք որ վկայում են այն մասին, որ քայլ առաջ պետք է ազատ արձակվեր», - ընդգծեց Խաչատրյանի պաշտպանը։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ կալանքի որոշումը կայացրած առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին ակնհայտ կոպիտ խախատումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Քննարկում են նաև վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հետ կապված այս մարմիններին դիմելու հարցը:

Փաստաբանը չբացառեց նաև գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը: «Այստեղ խնդիրը հետևյալն է, որ Եվրոպական դատարանում մի քիչ ուշ ժամկետներով է քննվում, իրավիճակներ են փոխվում, և դատարանները և դատավորները ավելի ապահովված են, որ՝ գիտեք ինչ կա, մինչև որոշումը ընդունվի, ինչ-որ բան կփոխվի, և այլն։ Այսինքն այս պահին են գործում, այս պահի ցանկությունն են փորձում իրականություն դարձնել, ինչը ուղղակի դատարանի համար անթույլատրելի է», - ասաց Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2008 թվականից սկսած, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որը ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:

Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։

XS
SM
MD
LG