Մատչելիության հղումներ

Լիբանանում իրավապահները ցուցարարներին կոչ են անում բացել փողոցները


Լիբանան - Ոստիկաններն ավերում են ցուցարարների տեղադրած վրանները, Բեյրութ, 29-ը հոկտեմբերի, 2019թ․
Լիբանան - Ոստիկաններն ավերում են ցուցարարների տեղադրած վրանները, Բեյրութ, 29-ը հոկտեմբերի, 2019թ․

Լիբանանի իրավապահ մարմինները կոչ են անում մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցույցերին մասնակցող ցուցարարներին բացել փողոցները և ակցիաներ իրականացնել բացառապես թույլատրելի հատվածներում:

Հազարավոր լիբանանցիներ երկրի տարբեր քաղաքներում, հատկապես Բեյրութում 14-րդ օրը շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ ստիպելով հրաժարական տալ երկրի վարչապետ Սաադ Հարիրիին:

Աննախադեպ զանգվածային ցույցերի մասնակիցները, սակայն, պահանջում են ամբողջ քաղաքական համակարգի փոփոխություն, սոցիալական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականություն:

Հակակառավարական ցույցերի 13-րդ օրը հայտարարելով վարչապետի պաշտոնից հեռանալու մասին՝ Սաադ Հարիրին նշել է, թե Լիբանանը մտել է փակուղի, և լուծումներ են պետք ճգնաժամը հաղթահարելու համար:

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած բազմահազարանոց ցույցերի ցույցերի ֆորմալ առիթ դարձավ կառավարության` բջջային մի շարք հավելվածներով, այդ թվում WhatsApp-ով արված զանգերի վրա հարկ սահմանելու որոշումը:

Վերջին ամիսներին Լիբանանը խորը տնտեսական ճգնաժամում է հայտնվել, կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով արգելափակվել է միջազգային ֆինանսական կառույցների կողմից շուրջ 11 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը:

2005 թվականին սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադ Հարիրին երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2009-11 թվականներին և կրկին վերադարձել է այդ պաշտոնին՝ շուրջ երկուսուկես տարվա քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին խոստանալով նոր դարաշրջան:

XS
SM
MD
LG