Լիբանանի կառավարությունը երկրում ընթացող բազմահազարանոց բողոքի ակցիաների ֆոնին այսօր հաստատել է վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրը և 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Դրա համաձայն, կառավարությունը հրաժարվում է նոր հարկերի սահմանումից, ինչպես նաև կիսով չափ կրճատում է նախարարների աշխատավարձերը:
Բացի այդ, Լիբանանի կենտրոնական բանկը և առևտրային բանկերից մի քանիսը կառավարությանը ավելի քան 3 միլիարդ դոլար կտրամադրեն՝ երկրի տնտեսության կայունացման նպատակով:
Սաադ Հարիրիի խոսքով, կառավարությունը նաև ուղղակի օժանդակություն կտրամադրի չքավոր ընտանիքներին: Լիբանանի վարչապետի խոսքով, առաջիկա ամսիներին կարող է մեկնարկել երկրի հեռահաղորդակցության ոլորտի սեփականաշնորհման պրոցեսը:
«Ձեր գործողություններն էին, որ ստիպեցին կառավարությանը նման քայլերի դիմել», - դիմելով Բեյրութում ընթացող ցույցերի մասնակիցներին՝ հայտարարել է երկրի վարչապետը: