Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քիչ առաջ մեղադրանք առաջադրեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու՝ պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ավելի վաղ Աժ նախկին նախագահն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ կեղծիք թույլ չի տվել և որ 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ստացել է հենց մարտի 2-ին։

«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարևորը, որ թե՛ աշխատակիցները, որոնք որ պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում եմ, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով», - մանրամասնեց Բաբլոյանը:

Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ ԱԺ նախկին նախագահ Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ իշխանությունը յուրացնելու հոդվածով, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ։ Բաբայանը մեղադրանքը չի ընդունում: Նա անցած շաբաթվանից կալանքի տակ է։

Պատգամավոր Բաբաջանյանը պնդում է, որ 2018-ին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրությունում նշում է, որ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

Ըստ ՀՔԾ-ի, Գագիկ Հարությունյանի կողմից մարտի 1-ին ստորագրված հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը որոշ պարզաբանումներ է ներկայացնում նախկին իշխանության այս գործողությունների վերաբերյալ:

Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին իր հայտարարությունում Արա Բաբլոյանը վկայակոչել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 147 հոդվածը։ Մինչդեռ Հովակիմյանը պնդում է, որ այդ հոդվածը պետք է գործեր 2018-ի ապրիլի 9-ից, երբ ուժի մեջ կմտնեին նաև 2015-ի Սահմանադրության 5-8 գլուխների բոլոր հոդվածները, որոնք առնչվում են նաև դատական իշխանությանը։ Նախկին իշխանությունները Գագիկ Հարությունյանի հրաժարականի հարցը պետք է լուծեին հին «ԱԺ կանոնակարգ» օրենքով, որի պայմանն այն է, որ ՍԴ նախագահի հրաժարականի մասին պետք է հայտարարվեր Ազգային ժողովի նիստում։ Իսկ Արա Բաբլոյանն այդ հայտարարությունն արել է պաշտոնական կայքէջում։

«Իսկ հին կանոնակարգով կարգավորվելու դեպքում Ազգային ժողովի նախագահը պետք է հրաժարականի մասին հայտարարեր առաջիկա քառօրյա նիստում: Տվյալ դեպքում դա կլիներ մարտի 20-ին: 5-ին եթե փաստացի մուտք է արվել, և 5-ին հրապարակվեր Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը, բոլորը կնկատեին էս նրբությունը: Եվ կնկատեին, որ այս հրաժարականի հետ կապված փաստացի հղում է արվում ԱԺ նոր կանոնակարգի 147 հոդվածին, ինչը այս դեպքում չէր կարող գործել, որովհետև դեռևս 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ չէր մտել, հին կանոնակարգով կարգավորումները պիտի գնային: Ավելին, նոր ԱԺ կանոնակարգի և նախորդ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի միջև էլ խնդիր կար․ հին օրենքը նախատեսում էր տասնօրյա ժամկետ հրաժարականի վերահաստատման, նոր ԱԺ կանոնակարգը նախատեսում է յոթօրյա: Այս ամեն ինչը արվել է մեկ բանի համար․ որպեսզի շրջանցեն մարտի 20-ին ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարելու պահանջը: Որովհետև եթե գնային օրինական ճանապարհով, և մարտի 20-ին գումարվելիք քառօրյայում հայտարարվեր Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին, ըստ էության առավելագույնը արագ հնարավոր կլիներ ընտրությունները Սահմանադրական դատարանի նախագահի կազմակերպել հաջորդ քառօրյայում, որը գումարվելու էր ապրիլի 10-ից», - պարզաբանեց Հովակիմյանը:

Իրենից հեռու վանելով կասկածները՝ Արա Բաբլոյանը, պնդում է, թե «ինչպես ուզում, այնպես էլ մեկնաբանում են տեղի ունեցածը»։ Սակայն ԱԺ նախկին նախագահը հաստատում է, որ առաջնորդվել է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի 147֊րդ հոդվածով․ - «Որովհետև 147-ը որևիցե կերպ չէր հակասում Սահմանադրությանը և ինքը գործում էր հենց այդ ժամանակ: Եվ դրա համար ես 147-ով եմ ուղղորդվել: Աշխատակազմն աշխատում է, որտեղ կան իրավաբաններ, մասնագետներ, Սահմանադրության մասնագետ: Իրենք ոչ թե խորհուրդ են տալիս, իրենք պատրաստում են և գալիս ներկայացնում են քեզ: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Ազգային ժողովի նախագահը ամբողջը ինքը որոշի: Ես չեմ ուզում ասել, որ պատասխանատվություն չեմ կրում: Ես Ազգային ժողովի նախագահ եմ և կրում եմ պատասխանատվություն: Բայց ամբողջ պրոֆեսիոնալ թիմը հստակ գիտի որ օրենքներով, որ հոդվածներով է ղեկավարվելու»:

Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է, թե Բաբլոյանը ճիշտ է արել, որ առաջնորդվել է 147 հոդվածով։ Նա շեշտում է, որ դա նեղ մասնագիտական հարց է, որի շուրջ իրավաբանները կարող են բանավիճել․ - «147-րդ հոդվածը չէր մտնում այն հոդվածների մեջ, որոնց ուժի մեջ մտնելը հետաձգվում էր: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածը թվարկում է այն հոդվածների շարքը, որոնք պետք է հետաձգված ուժի մեջ մտնեն: Առաջին հայացքից հենց նկատվում է, որ 147-րդ հոդվածը այդ շարքում առկա չէ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք բացառում է, որ իր նախկին աշխատողները կարող էին դիտավորյալ խախտում անել՝ հօգուտ Հրայր Թովմասյանի հապշտապ նշանակման, Բաբլոյանը պատասխանեց․ - «Ես որևիցե մեկին իրավունք չունեմ մեղադրեմ: Եթե կա նման կասկած, թող համապատասխան մարմինները ուսումնասիրեն: Բայց որևիցե մեկին գոնե ես անձամբ չեմ հորդորել: Եվ ես պատրաստ չեմ պատասխան կրել մի բանի համար, որտեղ որ ես սխալ չեմ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, շարունակելով պնդել, որ հանցագործություն է տեղի ունեցել, ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Արա Բաբլոյանի հայտնի հայտարարությունը Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին տպագրվել է մամուլում ոչ թե նույն օրը՝ մարտի 2-ին, այլ մարտի 5-ին։

«Մարտի 2-ին նման հայտարարություն խորհրդարանի կայքում չի եղել: Եվ դրանով է նաև պայմանավորված, որ լրատվամիջոցները, եթե հիմա հետ գնաք և լրատվամիջոցների արխիվները փորփրեք, կտեսնեք, որ մարտի 5-ին են լրատվամիջոցները Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկացրել»:

Արա Բաբլոյանը, մինչդեռ, արձագանքում է՝ թող մասնագետները որոշեն, թե ինչպես է այդպես պատահել։

XS
SM
MD
LG