Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը կալանքի որոշումն ապօրինի է համարում: «Կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց: Ասեմ, որ, բնականաբար, ակնհայտ ապօրինի այն պրոցեսները, որոնք որ կատարվում են, մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ, դատարանը դա ապահովեց», - հայտարարեց փաստաբանը:

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով: Պատգամավորը հաղորդում է ներկայացրել, որ 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են ՍԴ նախագահի պաշտոնը:

Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) էլ պարզել է, որ Արսեն Բաբայանը, որն այդ ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը թվագրել է մարտի 2-ով: ՀՔԾ-ն պնդում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչև ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը ստանալը ապօրինի ստորագրել է և հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Հարությունյանի դիմումն էլ է թվագրված եղել մարտի 1-ով, սակայն ՍԴ-ից ԱԺ է հասել մարտի 5-ին: Խնդիրն այն է, որ եթե գործընթացը տեղի ունենար մարտի 5-ից հետո, ապա Հրայր Թովմասյանը չէր կարողանալու ՍԴ նախագահ ընտրվել հին Սահմանադրությամբ, որով պաշտոնավարման ժամկետը մինչև 70 տարեկանն է, կընտրվեր նոր Սահմանադրությամբ, ինչը նշանակում էր, որ կպաշտոնավարեր 6 տարի ժամկետով:

Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասում է, որ կեղծիք չի եղել, և այս քրեական գործը քաղաքական բնույթի է: Կալանքի որոշումը բողոքարկելու են:

«Քրեական գործով հիմնավորվել է, որ կեղծիք չի եղել, և կան բազմաթիվ ապացույցներ, և նաև հասարակությանն է դա հայտնի, որովհետև անձինք, ովքեր ցուցմունքներ են տալիս, իրենք էլ նաև հրապարակայնորեն ելույթ են ունենում: Ձեզ էլ է հայտնի, որ իրականում էդպիսի բան տեղի չի ունեցել», - ասաց Սահակյանը:

Կալանքի միջնորդությունից բացի դատարանը քննել է նաև Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը: Հատկանշական է, որ դատարանը սա էլ է բավարարել, այսինքն՝ համարել է, որ Բաբայանի ձերբակալմամբ նրա իրավունքը խախտվել է:

Ի՞նչ է նշանակում՝ մի կողմից համարել՝ ձերբակալությունը իրավաչափ չէ, մյուս կողմից՝ որոշել նրան կալանավորել երկու ամսով: Լուսինե Սահակյանը պարզաբանեց․ - «Դատարանը ընդհանրապես այդ ձերբակալման ոչ իրավաչափության հարցը պետք է քննարկեր 24 ժամվա ընթացքում, ինչը ինքը չէր արել: Ոչ մի բան չի լինում այդ դեպքում, ուղղակի համարվում է, որ անձի իրավունքը խախտված է, անձը իրավունք ունի դիմել՝ փոխհատուցման պահանջով, համապատասխան էդ ընթացակարգերով: Բայց դա, միևնույն է, ոչինչ արդեն չի փոխում՝ անձը արդեն անազատության մեջ ապօրինի գտնվել է, և, նորից եմ ասում, գոնե եթե մյուս դատավորները էս պայմաններում ոչ իրավաչափ կճանաչեին, հետո հասկանալով, որ կալանքի միջնորդություն կլինի, հետո էլ կքննարկեին էդ հարցը, ինչպես մենք տեսնում ենք շատ գործերով, բայց էս դատավորը նույնիսկ դա չկարողացավ, իր մեջ ուժ չգտավ նույնիսկ դա անելու»:

Այս գործով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի, փոխարենը՝ կասկածյալ է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Հանրապետականի իշխանության օրոք պաշտոնավարած Բաբլոյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է, թե գործել է Սահմանադրությանը համապատասխան:

XS
SM
MD
LG