Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը հանցավոր սխեմաներ կիրառելով յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան, 4-ը հոկտեմբերի, 2019 թ.
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան, 4-ը հոկտեմբերի, 2019 թ.

Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, կարծում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա այսօր դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, ապա՝ նախագահ:

«Իշխանազավթումը պլանավորվել է Հանրապետական կուսակցության կողմից, մասնակից է դարձվել երկրի երկրորդ անձը՝ Ազգային ժողովի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այս շղթան եմ ես բացահայտել», - ասաց Բաբաջանյանը։

Նախ, ըստ Արման Բաբաջանյանի, ինքը՝ Հրայր Թովմասյանը դիմում չի ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ Ազգային ժողովի այդ ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը՝ անհասկանալի հիմքերով Թովմասյանի պատգամավորական լիազորությունները համարել է դադարած:

«Իմ խորին համոզմամբ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ մինչև 2019 թվականի հունվարի 14-ը», - ընդգծեց պատգամավորը։

Այսպիսի շտապողականությունը Արման Բաբաջանյանը համարում է նախապես ծրագրված գործողությունների մաս: Այս ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից՝ իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հեռանում է նաև Գագիկ Հարությունյանը: Անկախ պատգամավորը պնդում է՝ ամեն ինչ արվել է, որպեսզի Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչև Սահմանադրության ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը, և Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվի ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 65 տարեկան դառնալը:

«Նաև վաղաժամ հրաժարեցվել է իր պաշտոնից Գագիկ Հարությունյանը, որպեսզի Հրայր Թովմասյանը մնալով պատգամավորի կարգավիճակում անմիջապես նշանակվի Սահմանադրական դատարանի անդամ և որից հետո նաև ներսում՝ որպես դատարանի նախագահ», - ընդգծեց Բաբաջանյանը։

Ըստ Արման Բաբաջանյանի, այս օրինախախտումներին կամա թե ակամա նաև մասնակից են դարձել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, որ Թովմասյանի փոխարեն պատգամավորական մանդատ է տվել Հանրապետականի ցուցակում հաջորդ համարին՝ Տաճատ Վարդապետյանին։

«Ազատության» հետ զրույցում թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Տիգրան Մուկուչյանը պնդեցին, որ գործել են օրենքին համապատասխան:

«Նախ, ես էդքան մանրամասնորեն հիմա չեմ հիշում ոնց է գրել, ինչ է գրել, ինչ է եղել, ամեն դեպքում ես արել եմ այնպես ոնց օրենքը պահանջում է», - նշեց Արա Բաբլոյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները բացառապես վերաբերել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին մանդատ տրամադրելով, և այդ գործողությունները լիարժեք իրավաչափ գործողություններ են», - ասաց Մուկուչյանը։

«Սահմանադրական դատարանը փաստացի արգելակ է դարձել Հայաստանի զարգացման ճանապարհին, քանի որ իշխանության մյուս թևերի օրինակարգության պայմաններում այն հանդես է գալիս որպես կատարելապես ոչ լեգիտիմ, հանրության վստահությունը չվայելող մարմին», - հայտարարում է Բաբաջանյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման հարցում առավել կարևոր դերակատարություն ունի առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովը:

«Հատկապես երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը ինքնին արդեն սահմանը հատելու նշան է իրենից պարունակում, որովհետև Սահմանադրական դատարանը բացի իր բուն սահմանադրական արդարադատություն ապահովելը նաև երկրի սուվերենությունը պաշտպանելու պարտականություն ունի։ Այս գործով, երկրի պետականության համար այսպիսի կարևորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, ես կարծում եմ, որ հարված է Հայաստանի սուվերենությանը և այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա և մենք պետք է համապատասխան, նաև արագ գործողությունների ճանապարհային քարտեզ սահմանենք», - նշեց Բաբաջանյանը։

Խորհրդարանի կողմից այսօր ընդունված և Սահմանադրական դատարան ուղարկված որոշումը՝ բարձր դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, Բաբաջանյանը շատ թույլ է համարում. «Կարծում եմ, որ այդ դիմումը հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել»։

Բաբաջանյանն ասում է՝ շատ կարևոր է, որ այս գործընթացը չշեղվի սահմանադրականությունից, օրենքից և օրինականությունից: Դատախազություն ուղղված այս դիմումն առաջին քայլն է, առաջիկայում պատրաստվում է Ազգային ժողովում նախագծերով հանդես գալ։

«Մենք պետք է գնահատական տանք ամբողջական դատարանի վարքին՝ 2003 թվականից այս դատարանը ինչպիսի որոշումներ է կայացրել, ինչպես է իր որոշումներով նպաստել պետության զավթմանը, պետական ինստիտուտների ուզուրպացիային», - ասաց պատգամավորը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG