Մատչելիության հղումներ

«Բոշիրով»-Չեպիգան՝ ГРУ-ի գեներալի դստեր հարսանիքին


«Ազատության» և Bellingcat-ի հայտնաբերած լուսանկարներից մեկը
«Ազատության» և Bellingcat-ի հայտնաբերած լուսանկարներից մեկը

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցի Անատոլի Չեպիգան՝ ГРУ-ի գեներալ-մայոր Անդրեյ Ավերյանովի դստեր հարսանիքի հրավիրյալների շարքում. լուսանկարները հայտնաբերել են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունն ու Bellingcat անկախ հետազոտական կենտրոնը համատեղ հետաքննության արդյունքում:

Այդ լուսանկարները, ինչպես շեշտում են հետաքննության հեղինակները, ևս մեկ անգամ հաստատում են Չեպիգայի և ռուսաստանյան ռազմական հետախուզության, ինչպես նաև գեներալ Ավերյանովի միջև կապը:

ГРУ-ն, հիշեցնենք, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունն է , որը ռուսական թերևս ամենափակ հատուկ ծառայություններից է և որը, ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ամենամոտն է Կրեմլին ու գտնվում է Սերգեյ Շոյգուի ղեկավարած Պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Հայտնաբերված լուսանկարներում, ինչպես նշվում է հոդվածում, ГРУ-ի գաղտնի սպա Չեպիգան հարսանիքին մասնակցել է կնոջ և երկու երեխաների հետ: Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Չեպիգան մտերիմ հարաբերություններ ունի գեներալ Ավերյանովի հետ, ով գլխավորում է ГРУ-ին մաս կազմող թիվ 29155 զորամասը, որն էլ, արևմտյան աղբյուրների պնդմամբ, կանգնած է Եվրոպայում ապակայունացնող գործողությունների ետևում:

The New York Times-ի տվյալներով՝ այդ զորամասը Ավերյանովի ղեկավարությամբ գործում է առնվազն 10 տարի, սակայն դրա գոյության մասին արևմտյան հատուկ ծառայություններին հայտնի է դարձել միայն վերջերս: Այս էլիտար ստորաբաժանումը, ըստ արևմտյան աղբյուրների, կապ ունի Մոլդովայում տեղի ունեցած զարգացումների, բուլղարացի Էմիլյան Գեբրևի թունավորման, Չեռնոգորիայում հեղաշրջման փորձի հետ:

Bellingcat-ի և The Insider-ի տվյալներով՝ վերջին տարիներին Ավերյանովը պարբերաբար մեկնել է Եվրոպա, հատկապես հաճախակի՝ Վիեննա: Հնարավոր է՝ նա անձամբ է մասնակցել ГРУ-ի եվրոպական գործողությունների նախապատրաստական աշխատանքներին: Մինչ այդ նա մասնակցել է չեչենական պատերազմներին, 2015-ին ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։

The New York Times-ը պնդում է, որ գեներալ Ավերյանովը բնակվում է «խորհրդային ժամանակներում կառուցված համեստ բնակարանում»: Հետախույզի հասցեներից մեկը, որը հաջողվել է հայտնաբերել համացանցում գտնվող տվյալների բազայից, հինգհարկանի շենք է, որը գտնվում է երկաթուղային գծերից ոչ հեռու և ենթադրաբար ГРУ-ի հանրակացարաններից է: Մյուս հասցեն գտնվում է Մոսկվայի ավելի բարեկեցիկ շրջաններից մեկում՝ այգու հարևանությամբ, բայց նույնպես բազմաբնակարան շենքում:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության և Bellingcat-ի համաձայն՝ համեստ պայմաններում բնակվող գեներալի դստեր հարսանիքը, որին ենթադրաբար ներկա էր Չեպիգան, տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին՝ Սկրիպալների վրա հարձակումից կես տարի առաջ: Խնջույքը կայացել է Սենեժսկոյե լճի ափին: Հյուրանոցը, որտեղ կազմակերպվել է հարսանեկան հավաքույթը, գտնվում է ռուսական «հատուկ ուժերի գործողությունների» «Սենեժ» բազայից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Չեպիգան գաղտնազերծվել է անցյալ տարի, բրիտանական իշխանությունների պնդմամբ՝ նա Ռուսլան Բոշիրով անվան տակ փորձել է Սոլսբերիում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորել Սկրիպալներին, բրիտանացի քննիչների տվյալներով՝ Չեպիգան գործել է ГРУ-ի մեկ այլ աշխատակցի՝ Ալեքսանդր Միշկինի հետ, ով մեծ Բրիտանիա է մտել Ալեքսանդր Պետրով անունով: Բրիտանական կողմը հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես են վերջիններս ժամանում Լոնդոն, մեկնում Սոլսբերի, ապա թունավորման հաջորդ օրն իսկ վերադառնում Ռուսաստան:

Մոսկվան կտրականապես հերքում էր այդ պնդումները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ անձամբ էր հայտարարել, թե Պետրովն ու Բոշիրովը քաղաքացիական անձինք են, կապ չունեն գաղտնի ծառայությունների հետ և առաջիկայում կներկայանան հանրությանը: Դրանից հետո զույգը պատասխանել է Russia Today («Ռուսաստանն այսօր») հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի հարցերին: Անորոշ և հակասական պատասխանները դարձել էին հեգնական անհաշիվ կատակների թեմա, ռուսական գաղտնի ծառայությունների ձախողման խորհրդանշան և է՛լ ավելի են համոզել փորձագետներին, որ հենց Պետրովն ու Բոշիրովն են փորձել սպանել Սկրիպալին:

Bellingcat-ի և The Insider-ի փորձագետները ավելի վաղ չէին բացառել, որ Պետրովն ու Բոշիրովը կարող են առնչություն ունենալ ոչ միայն Սկրիպալների թունավորմանը, այլև Շվեյցարիայի Շպից ավանում քիմիական զինատեսակների և թույների հետազոտություններ կատարող գիտական լաբորատորիայից տվյալներ գողանալու փորձին, ինչպես նաև Հակադոպինգային համաշխարհային գործակալության կայքերը կոտրելուն: Շվեյցարիան Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել և պահանջել դադարեցնել «լրտեսական ակտիվությունը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG