Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ է անում ստանձնել «նովիչոկը» կիրառելու պատախանատվությունը


Փորձագետները զննում են Սկրիպալների թունավորման վայրը, Սոլսբերի, մեծ Բրիտանիա, 8 մարտի, 2018թ.
Փորձագետները զննում են Սկրիպալների թունավորման վայրը, Սոլսբերի, մեծ Բրիտանիա, 8 մարտի, 2018թ.

ՄԱԿ-ում ՌԴ դեսպանը հեգնանքով է արձագանքում:

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ է անում ընդունել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, այս տարվա մարտին «նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու պատասխանատվությունը:

Ըստ Լոնդոնի, անհերքելի է, որ հենց ռուս գործակալներն են կարճաև այցով ժամանել Լոնդոն, հասել Սոլսբերի, «նովիչոկով» մշակել Սկրիպալի տան դռան բռնակը և անհապաղ վերադարձել Մոսկվա:

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի դեսպան Քարեն Փիրսը ներկայացրել է զեկույց իրավապահների կատարած աշխատանքի և եզրակացությունների մասին և տեղեկացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հետախուզության (ԳՌՈւ-ի) երկու ռուս ենթադրյալ գործակալներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Նախօրեին վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ասել է, թե «գրեթե վստահ կարելի է պնդել, որ Սկրիպալներին թունավորելու գործողությունը կատարել են Ռուսաստանի զինված ուժերի սպաները և գործողությանը հավանություն է տրվել պետական բարձր ատյանից»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հերքել է մեղադրանքը և պնդել է, որ Բրիտանիայի դեսպանի զեկույցում կան բազմաթիվ հակասություններ: Նա, մասնավորապես, նշել է, որ, ըստ Մեյի, երկու գործակալները Սկրիպալների տան մոտ են եղել մարտի 4-ի կեսօրին, մինչդեռ, նախկին հաղորդագրություններում ոստիկանները նշել են, որ Սկրիպալները վաղ առավոտյան դուրս են եկել տնից և չեն վերադարձել, ուրեմն ե՞րբ և որտե՞ղ նրանք կարող էին դիպչել դռան բռնակին:

«Լոնդոնին այդ գործը մեկ բանի համար է անհրաժեշտ՝ ծավալել հակառուսական գարշելի հիստերիա և դրանում ներքաշել այլ երկրներին»,- ասել է Նեբենզյան:

Համոզիչ չէ, ըստ նրա, նաև օծանելիքի պստիկ շշով «նովիչոկը» տեղափոխելու վարկածը, քանի որ մասնագետները պնդում են, որ դա չափազանց թունավոր նյութ է և փոխադրվում է հատուկ կոնտեյներով, այլապես առաջինը կթունավորվի հենց փոխադրողը:

«Դրանից շահել է միայն Nina Ricci ընկերությունը, որի արտադրանքն անվճար գովազդել են»,- հեգնանքով ասել է Նեբենզյան:

Սակայն Լոնդոնի դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան, դեռ Անվտանգության խորհրդում նախատեսված քննարկումից առաջ հրապարակել են համատեղ հայտարարություն, որով աջակցություն են հայտնել Բրիտանիային:

Այդ չորս երկրների համոզմամբ, բրիտանացիները հավաքած փաստերը համոզիչ են և վկայում են ռուսների մեղավորության մասին:

Լոնդոնը, Վաշինգթոնը, Փարիզը, Բեռլինն ու Օտտավան Մոսկվային կոչ են անում հրապարակել «նովիչոկ» տեսակի նյութի ստեղծման ամբողջ ծրագիրը:

Այդ երկրները նաև ընդգծում են, որ «համատեղ ջանքերով իրենց տարածքներում կանխելու են օտար երկրների հետախուզական ծառայությունների թշնամական ակտիվությունը»:

Մինչդեռ, ռուսներն ակնարկում են, որ Արևմուտքը Սկրիպալների սկանդալը բորբոքում է միջազգային ասպարեզում համապատասխան մթնոլորտ ստեղծելու, Իդլիբում քիմիական գրոհ բեմականացնելու և այդ պատրվակով Սիրիային հարված հասցնելու համար:

Մոսկվան շարունակում է հերքել Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենք կիրառելու մեղադրանքը:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր վերստին պնդել է, որ Դաշնությունը որևէ կապ չունի Սկրիպալների թունավորման հետ:

«Ուստի այդ լուսանկարներով միջազգային համայնքի ուշադրությունը հրավիրելու և գործը Ռուսաստանի հետ կապելու հերթական փորձը՝ ապատեղեկատվության դասական օրինակ է»,- ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG