Մատչելիության հղումներ

Բրիտանական ոստիկանությունը դեռ չի հստակեցնում`թունավորե՞լ են արդյոք ГРУ-ի պաշտոնաթող գնդապետին


Սերգեյ Սկրիպալը մոսկովյան դատարանում զրուցում է իր փաստաբանի հետ, արխիվ

Բրիտանական ոստիկանությունն առայժմ խուսափում է որևէ հստակ գնահատական տալ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) պաշտոնաթող գնդապետ, հետագայում Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցած միջադեպին` չհստակեցնելով արդյոք տեղի ունեցածը թունավորում էր, թե՝ պարզապես դժբախտ պատահար:

Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հարավ գտնվող Սոլսբերի քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները միայն նշում են, որ 66-ամյա Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր` Յուլիայի առողջությանը լուրջ վնաս է հասցվել:

«Երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Քանի որ հետաքննությունը նոր է մեկնարկել, առայժմ մենք չենք կարող ասել` արդյոք գործ ունենք հանցագործության հետ, թե՝ ոչ: Ամեն դեպքում, սա բավական լուրջ միջադեպ է, ուստի դրա հետաքննության շրջանակներում իրենց գործողությունները միանգամից մի քանի իրավապահ կառույցներ են համակարգում», - հայտարարում էր Սոլսբերիի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քրեյգ Հոլդենը:

Սկրիպալին և նրա դստերը հայտնաբերեցին կիրակի երեկոյան քաղաքի առևտրի կենտրոններից մեկին հարող փոքրիկ զբոսայգում:

Առաջինը շտապ օգնության ծառայություն զանգահարած Ջեյմի Փեյնը նկարագրում է այն ամենն ինչ տեսել էր այդ օրը: «Տղամարդու աչքերը չռված էին, սակայն նա բացարձակապես դատարկ հայացքով մի կետի էր նայում: Ապա նա սկսեց փսխել, սակայն դա շատ տարօրինակ ձևով էր տեղի ունենում, այդ ընթացքում նրա կոկորդը ընդհանրապես չէր շարժվում: Նրա կողքին գտնվող կինn ահավոր գունատ էր, տղամարդը ևս սկսեց գույնը գցել», - նկարագրում էր դեպքի ականատեսը:

BBC-ի տեղեկություններով՝ հանցանքի վայրում իրեղեն ապացույցներն ուսումնասիրող ոստիկաններից երկուսը երեկ ևս տեղափոխվել են հիվանդանոց` թեթև թունավորման ախտանիշներով:

Երկար տարիներ ГРУ-ի կադրերի վարչությունում աշխատած և 1999-ին գնդապետի կոչումով Ռուսաստանի ռազմական հետախուզության շարքերը լքած Սերգեյ Սկրիպալը ձերբակալվել էր Մոսկվայում` 2004 -ի դեկտեմբերին: 2006-ին Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը նրան դատապարտեց 13 տարվա ազատազրկման:

Դատավարության ընթացքում Սկրիպալն ընդունեց իր մեղքը` խոստովանելով, որ բրիտանական հետախուզության կողմից հավաքագրվել էր դեռ 1995 թվականին:

2010-ին, սակայն, Սկրիպալը, հայրենիքի դավաճանության համար դատապարտված մի շարք այլ ռուսաստանցիների հետ միասին, փոխանակվեց Միացյալ Նահանգներում ձերբակալված Աննա Չապմանի և նրա լրտեսական խմբի անդամների հետ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Սկիրպալի համար թոշակ սահմանեց, նա պարբերաբար դասախոսություններ էր կարդում MI-6 հետախուզական ծառայության աշխատակիցների և ռազմական ակադեմիաների կուրսանտների համար:

Դրա հետ մեկտեղ սակայն, ըստ բրիտանական աղբյուրների, Սկրիպալի և նրա ընտանիքի անդամների բնակության վայրը շարունակում էր գաղտնի պահվել:

BBC-ի կողմից հարցված անանուն փորձագետներից մեկը նաև տեղեկացրել է, որ անցած տարի, Ռուսաստան կատարած այցելության ժամանակ, մահացել էր Սկրիպալի որդին:

«Կարելի է ենթադրել, որ եթե ռուսաստանյան հատուկ ծառայությունները փորձում էին պարզել Սկրիպալի բնակության վայրը, ապա նրա որդու մարմնի` Մեծ Բրիտանիա վերադարձնելու ողջ պատմությունը կարող էր օգնել նրանց այդ հարցում», - նշել է BBC-ի զրուցակիցը:

Կրեմլի ներկայացուցիչներն արդեն իսկ մեկնաբանել են կատարվածը` նշելով, որ բրիտանական իշխանությունները դեռ չեն դիմել իրենց հետաքննության ընթացքում համագործակցելու խնդրանքով:

«Մոսկվան մշտապես բաց է համագործակցության համար: Տեսնում ենք, որ ողբերգական իրավիճակ է ստեղծվել, սակայն մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե որն է դրա պատճառը, ինչով էր զբաղվում այդ մարդը, ինչ հանգամանքների հետ կարող էր կապված լինել այս ամենը», - լրագրողների հետ ամենշաբաթյա հեռախոսային ճեպազրույցի ընթացքում այսօր նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG