Ռազմական և անվտանգության բնագավառներում լրագրողական հետաքննություններ անցկացնող բրիտանական Bellingcat կայքը բացահայտել է ռուսաստանցի ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող երկրորդ անձի ինքնությունը, նա ռազմական բժիշկ Ալեքսանդր Միշկինն է։
Անցյալ ամիս բրիտանացի դատախազները մեղադրեցին երկու ռուսների՝ Ռուսլան Բոշիրովին և Ալեքսանդր Պետրովին` Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիային «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի միջոցով թունավորման համար։
Դատախազները հայտարարեցին, որ Ռուսլան Բոշիրովը՝ նույն ինքը Անատոլի Չեպիգան, Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գործակալ է։ Ավելին՝ 2014 թվականի դեկտեմբերին նրան Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհվել:
«Մենք բացահայտել ենք Ալեքսանդր Պետրովին` նա իրականում ռազմական բժիշկ Ալեքսանդր Եվգենևիչ Միշկինն է՝ ГРУ-ի գործակալ», - ասվում է Bellingcat կայքում։
Հայր և դուստր Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: