Մատչելիության հղումներ

«Հայելի» ակումբի միջադեպի գործով 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել


Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրել էր, որ հարձակման է ենթարկվել: «4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ», - ասված էր մամուլի ակումբի հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG