Մատչելիության հղումներ

«Հայելի»-ի գործով 4 երիտասարդները ներգրավվել են որպես կասկածյալ․ ՔԿ


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

«Հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ: Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», - ասված է հաղորդագրությունում:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշում է Քննչական կոմիտեն:

Շաբաթ օրը «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրել էր, որ հարձակման է ենթարկվել: «4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ», - նշված է մամուլի ակումբի կայքէջում։

XS
SM
MD
LG