Մատչելիության հղումներ

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել


«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։

Երեկ երեկոյան «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրեց, որ 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ այդ լրատվամիջոցը իրավունք չունի գործունեություն ծավալել։

Երեկվանից դատապարտող հայտարարություններ են տարածվում «Հայելի» մամուլի ակումբի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ակումբի հետ տեղի ունեցածն «անթույլատրելի» է որակել. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը։ - «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն», - նշել է օմբուդսմենը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս արձագանքել է, նշելով. - «Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»:

Իրավապաշտպանները դատապարտելի են համարում մամուլի ակումբի հետ տեղի ունեցածը։ Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ ցանկացած լրատվամիջոցի դեմ հարձակումն անթույալտրելի է. - «Պետք է մինչև վերջ բացահայտել, պարզել և պատասխանատվության ենթարկել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ գոյություն ունեն բարեխիղճ լրագրության սկզբունքներ, որով պետք է առաջնորդվի տվյալ լրատվամիջոցը»:

Ալեքսանյանը դատապարտում և անընդունելի է համարում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լուսանկարը ակումբի պատին փակցնելը: ՍԴ նախագահը, հիշեցնենք, «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի եղբայրն է:

«Մարդուն նսեմացնելու մի իրավիճակ է ստեղծվել, ինչը անընդունելի եմ համարում։ Քանի որ նրան հեռացնելու գործընթացը սկսվել է օրինական դաշտում և պատշաճորեն իրականացվում է, ուրեմն պետք է բոլորը հաշվի նստեն այդ իրողության հետ և հետևեն այդ գործընթացին, ոչ թե նսեմացնեն Հրայր Թովմասյանին։ Նա ՍԴ նախագահն է, ճանաչված իրավաբան, կարիք չկա մարդուն ստորացնել։ Մենք պետք է սովորենք քաղաքակիրթ ապրել», - ասում է իրավապաշտպանը:

«Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր և hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, որ այս պահին երկրում չէ, վերադառնալուն պես կարձագանքի տեղի ունեցածին, սակայն փաստել է. - «Կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»։

Ըստ ակցիան իրականցնողների՝ նման գործողությունների պատճառը եղել է hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է. - «Այն հոդվածը և այն վերնագիրը, որը այդ միջադեպի պատճառ է հանդիսացել՝ պետք է հասարակության, այդ երիտասարդների կողմից էլ ընկալվի, որ դա կարծիք է, դա դատողություն և որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրւրաքանչյուր ոք անկախ նրանից՝ դա որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ։ Ու հետևաբար անընդունելի ու դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը»:

Միևնույն ժամանակ Մելիքյանն ընդգծում է՝ հայաստանյան լրատվամիջոցները պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն էթիկայի նորմերին և օրենսդրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG