Մատչելիության հղումներ

Թրամփ․ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վաշինգտոնը կարող է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և սիրիացի քրդերի  հակամարտությունում:

Ութերորդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունը հերթական արյունալի փուլը մտավ, երբ նախագահ Թրամփը Սիրիայի հյուսիսից հետ կանչելով ամերիկյան զորքը՝ ճանապարհ հարթեց թուրքական կողմի առաջխաղացման համար:

«Մենք հարյուր տոկոսով ոչնչացրել ենք «Իսլամական պետություն» խալիֆայությունը և մենք այլևս չունենք զորախումբ Սիրիայի շրջաններում, որտեղ Թուրքիան գրոհ է իրականացնում: Մենք մեր խնդիրը կատարելապես լուծել ենք, և Թուրքիան այժմ հարձակվում է քրդերի վրա, որոնց հետ պատերազմում է արդեն 200 տարի», - գրել է Սպիտակ տան ղեկավարը, ով դաշնակից քրդերին Թուրքիայի հետ մեն-մենակ թողնելու համար քննադատության է ենթարկվում ոչ միայն ընդդիմախոսների, այլև կուսակիցների կողմից:

«Մենք ունենք ընտրության երեք հնարավորություն», - գրել է Թրամփը և թվարկել․ - «Տարածաշրջան ուղարկել հազարավոր զինվորներ և հաղթել ռազմական ճանապարհով, ֆինանսապես կոշտ ձևով խեղդել Թուրքիային պատժամիջոցների միջոցով, կամ դառնալ միջնորդ Թուրքիայի և քրդերի միջև»:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը դաշնակից Թուրքիային պատժամիջոցներով էր սպառնացել՝ եթե վերջինս «մարդասիրաբար» չվերաբերվի քրդերին, սակայն առ այսօր չի հստակեցրել իր այդ մտադրությունը: Պետքարտուղարությունում պարզաբանել են, թե «ոչ մարդասիրական վերաբերմունքի» տակ նկատի ունեն էթնիկ զտումները քրդական շրջաններում:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում առայժմ նման գործելաոճ Թուրքիայի կողմից չեն տեսել:

Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների վրա թուրքական զինուժի օդային և ցամաքային հարձակման երրորդ օրը հաղորդվում է տասնյակ զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ և մանկահասակ երեխա: Թուրքական կողմը հայտնում է մեկ զինվորի մահվան և երեք վիրավորների մասին: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուի Աքարի խոսքերով, թուրքական բանակը սպանել է 342 քուրդ զինյալի:

Պաշտոնական Անկարան հաջող է համարում սահմանակից շրջանների վրա զինված հարձակման արդյունքները` հաղորդելով, որ վերահսկողություն է հաստատել քրդաբնակ Ռաս ալ-Աին և Թել Աբյադ քաղաքներում, ինչը, միջազգային կառույցների գնահատմամբ, հանգեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման:

Էրդողանի վարչակազմը մինչդեռ, «Խաղաղության ակունք» հռչակելով այդ օպերացիան, նպատակ ունի անվտանգության գոտի ստեղծել սահմանակից այդ շրջաններում և պայմաններ ապահովել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վերադարձի համար: Թուրքիան, որն առաջին անգամը չէ ռազմական գործողություններ իրականացնում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի դեմ, շարունակում է պնդել, թե դրանք ահաբեկչական խմբավորումներ են: Սեփական տարածքում քուրդ անջատականների դեմ ավելի քան տասնամյակներ շարունակվող պայքարի ֆոնին Անկարան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի քրդերի ամրապնդումը անմիջապես իր սահմանների մոտ:

Արևմտյան մամուլը նկատում է, որ ժողովրդավարությունը երբևիցե չէր բախվել նման աղետալի սցենարի, երբ ՆԱՏՕ-ի առանցքային անդամը հարձակվի խաղաղ բնակչության վրա: Ի դեպ, այսօր հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպումներ է ունեցել և քննարկել քրդերի վրա Անկարայի նախաձեռնած հերթական ռազմական հարձակումը: Թուրքական պաշտպանական ոլորտում հինգ միլիարդ դոլարի ներդրում արած դաշինք ղեկավարը չի դատապարտել Անկարայի գործողությունները՝ բավարարվելով միայն զսպվածության կոչերով:

«Թեև Թուրքիան օրինական մտահոգություն ունի անվտանգության ոլորտում, մենք կոչ են անում զուսպ գործել», - հայտարարել է Ստոլտենբերը:

Արևմտյան մյուս դաշինքը՝ Եվրամիությունը Թուրքիային զսպելու տարբերակ է դիտարկում պատժամիջոցները: Պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված գագաթնաժողովին հարցը կդնի քննարկման: Այս մասին հայտարարել է ֆրանսիական կառավարության Եվրոպական գործերի նախարար Ամելի դե Մոնշալենը:

Կառույցի անդամ երկրների մեծամասնությունը խստորեն դատապարտել է Անկարայի նախաձեռնությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես քննարկել է հարցը, սակայն որևէ հայտարարություն չի արել․ Թուրքիայի գործողություններին միանշանակ բացասական գնահատական տալ հրաժարվել են Ռուսաստանը և Միացյալ Նահանգները: Նախօրեին, ի պատասխան Թուրքիային ուղղված քննադատությանը և մեղադրանքներին, նախագահ Ռեջեփ Էրդողանը, դիմելով Եվրամիությանը նախազգուշացրել է, որ իրենց գործողությունները ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով «ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG