Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարը մեկնում է Թուրքիա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր մեկնում է Ստամբուլ։ Չորեքշաբթի օրը նա Հռոմում էր, հինգշաբթի մեկնել է Աթենք, իսկ այսօր Ստամբուլում պետք է բանակցի Թուրքիայի ղեկավարների հետ։ Բնականաբար, առանցքային թեման կլինի Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նախաձեռնած գրոհը։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ զրույցում նա խոսել է «Խաղաղության աղբյուր» անվամբ թուրքերի գործողության մասին։

«Թուրքիան ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր դաշնակիցն է և ունի Սիրիայի վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններ։ Թուրքիան ենթարկվել է հրեշավոր ահաբեկչական գրոհների, ապաստան է տվել սիրիացի միլիոնավոր փախստականների։ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մասին։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի ակցիաներից, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, սրել լարվածությունն ու ավելի շատ մարդկային տառապանք առաջացնել», - ասել է Ստոլտենբերգը։

Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրել է Անկարայում հավատարմագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին և տեղեկություններ է փոխանցել «Խաղաղության աղբյուր» օպերացիայի մասին։

«Գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին համապատասխան», - հոկտեմբերի 9-ին Թվիթերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա փոխանցմամբ, Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն էլ է պատշաճ խողովակներով տեղեկացրել գործողության մասին։

Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, թուրքերն օպերացիայի ընթացքում պետք է խոհեմ և չափավոր լինեն։

«Հուսով եմ, որ Թուրքիան զսպվածություն կդրսևորի և բոլոր ակցիաները Հյուսիսային Սիրիայում կլինեն համարժեք և հավասարակշռված։ Մենք չպետք է վտանգենք նվաճումները, որոնք ձեռք ենք բերել մեր ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, որովհետև «Իսլամական պետություն»-ը տակավին հանդիսանում է մեծագույն սպառնալիք Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մեր բոլոր երկրների համար։ Ուրբաթ օրը ես այս հարցերը Ստամբուլում քննարկելու եմ նախագահ Էրդողանի հետ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG