Մատչելիության հղումներ

Զարեհ Սինանյան․ Սա փորձաքար է նոր Հայաստանի համար


Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող պատերազմական գործողությունների շուրջ «Ազատությանը» բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյան․ - Վերջին նորությունները երեկվա նորություններից շատ չեն տարբերվում: Թել Աբյատի հայ բնակչությունը հիմնականում լքել է այդ քաղաքը մինչև թուրքամետ զինված ուժերի կողմից այդ քաղաքի շրջափակումը: Բարեբախտաբար նրանք հեռացել են: Իսկ Ղամիշլիի բնակիչները մնում են այնտեղ և ցանկություն չունեն կա՛մ դուրս գալու, կա՛մ տարհանվելու:

«Ազատություն»․ - Այս պահին մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Դա Արտգործնախարարության հայտարարությունն է: Չտարհանելը չի՞ նշանակում մարդկանց կյանքը վտանգել:

Սինանյան․ - Չտարհանել միայն պատմությունը ցույց կտա, ժամանակը ցույց կտա ինչ է նշանակում: Բայց ասեմ, որ բռնի ձևով տարհանել իհարկե անհնար է, դժվար է: Այս պահին Ղամիշլիի մեր բնակչությունը, հայազգի բնակիչները տարհանվելու անհրաժեշտություն կամ կարիք չեն տեսնում: Հետևաբար դրա մասին խոսք չի գնում:

«Ազատություն»․ - Առաջարկ եղե՞լ է: Պաշտոնական Երևանը պատրա՞ստ է նրանց տարհանել Երևան, ապահովել կենցաղը:

Սինանյան․ - Ասեմ, որ Երևանում մեր կառավարությունը նայում է բոլոր հնարավորություններին: Այս պահին ես միայն կարող եմ փոխանցել, որ Ղամիշլիի բնակիչների կողմից ոչ միայն դիմում չի եղել, այլ ցանկություն էլ չկա: Կարծում եմ, որ խոսակցություններ եղել են: Ես քանի որ Ղամիշլիում չեմ մի քիչ դժվար է, բայց իրենք ցանկություն չունեն: Իհարկե, մեր պետական տեսանկյունից մենք ուզում ենք, որ իրենց ապահով լինեն: Հետևաբար ուզում ենք անել այն, ինչ որ իրավիճակը կստեղծի, որպեսզի կարողանանք անվտանգություն առաջարկել, հատկացնել մեր հայրենակիցներին:

«Ազատություն»․ - Ի՞նչ ծրագրեր կան:

Սինանյան․ - Այդ ծրագրերը քննարկման մեջ են, չեմ կարող մանրամասնել:

«Ազատություն»․ - Երեկ կառավարության նիստից հետո փակ քննարկում տեղի ունեցավ, այսօր որոշակի հանձնաժողովների նիստ է տեղի ունենալու: Ի՞նչ եք քննարկելու:

Սինանյան․ - Քննարկելու ենք այս բոլոր հարցերը, քննարկելու ենք բոլոր հնարավորությունները, քննարկելու ենք իրավիճակը տեղում: Տեսնենք ինչ ունենք և ինչ կարող ենք անել: Մեծ հաշվով, այսպես ասեմ՝ պետությունն ուզում է պատրաստ լինել բոլոր հնարավորություններին: Սա մեր նոր Հայաստանի համար փորձաքար է, թե ինչքանով է կարողանում Հայաստանի պետությունը իր ժողովրդին տեր կանգնել: Քննարկում ենք բոլոր ծրագրերը, բոլոր հնարավոր և անհնարին վերջավորությունները:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ չեն ուզում այնտեղից տեղափոխվել, իրենց բնակավայրերը թողնել:

Սինանյան․ - Սա իմ վերլուծությունն է, որևէ մեկը ինձ նման բան չի ասել: Բայց մարդիկ գիտեն, որ եթե հեռանան, ապա միանգամից թալանի են ենթարկվելու իրենց ունեցվածքը, իրենց տները: Եվ շատ բնական է մարդու համար դրականորեն մտածել, հույս ունենալ, որ լավ է լինելու և փորձել կանխել իրենց ամբողջ կյանքի ընթացքում կուտակած անձնական գույքի թալանը:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով ճի՞շտ է մնալը:

Սինանյան․ - 2011 թվին, երբ սիրիական քաղաքացիական պատերազմը նոր սկսվեց, մեր հայահոծ համայնքները, խոսքը մանավանդ գնում է Հալեպի մասին, մեր հայրենակիցների մեծ մասը դրական էր տրամադրված, որ, գիտեք, հեռու տեղերում է կռիվը գնում, հարավում է, հյուսիս-արևելքում է, մեզնից շատ հեռու է, մեզ չի հասնի: Բայց պատմությունը ցույց տվեց, որ դա այդպես չէր, որ հնարավոր չեղավ փրկել գույքի մեծ մասը, որ կյանքեր կորցրեցինք: Հետևաբար, ճիշտն ասած, ես փորձում եմ վատթարագույնը մտածել, ոչ թե լավագույն տարբերակը: Այդ զգացումը, իմ կարծիքով, հիմնված է փաստերի վրա: Եթե Թուրքիան հանրայնորեն հայտարարել է, որ ստեղծելու է բուֆերային գոտի, և Ղամիշլին մտնում է այդ բուֆերային գոտու մեջ, իսկ թուրքերը մեզ պատճառ չեն տվել, որ մենք կասկածենք իրենց մտադրությունների վրա, ապա մենք տեսնում ենք, որ միջազգային համայնքի արձագանքը համարյա զրոյական է, այսինքն այնտեղ կան ինչ-որ կոշտ արտահայտություններ, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որևէ բան չիմացանք, թե ինչ են որոշել, ինչը նշանակում է, որ ոչինչ չեն որոշել: Կարծես բոլոր կողմերը պայմանավորվածություն ունեն, որ թուրքերին թույլատրելու են այս գործողությունն անցկացնել:

«Ազատություն»․ - Եվ Ձեր կարծի՞քը: Պե՞տք է այնտեղից դուրս գալ:

Սինանյան․ - Իհարկե ինձ հուզում է մեր հայրենակիցների ֆիզիկական ապահովությունը և անվտանգությունը՝ առաջին հերթին: Իմ խորհուրդը դա կլիներ: Սակայն մենք պետք է որպես պետություն մոտեցումը մշակենք և շարժվենք միահամուռ և միաձայն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG