Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա


Սիրիա - Թուրքական բանակի կողմից ռմբահարվող Ռաս Ալ Այնի բնակիչները լքում են ավանը, 9-ը հոկտեմբերի, 2019թ․

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այդ մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

«Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Պաշտոնական Երևանը կոչ է անում «գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ»։

«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», - ասված է հայտարարությունում:

Սիրիայում ռազմական գործողությունը Թուրքիայի բանակն սկսել է նախօրեին:

XS
SM
MD
LG