Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ համաձայնել են ցուցմունք տալ կոնգրեսական հանձնաժողովներում


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրմափ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրմափ, արխիվ

Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ համաձայնել են ցուցմունք տալ դեմոկրատների առաջնորդած կոնգրեսական հանձնաժողովներում, որտեղ ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, վաղը փակ դռների ետևում կոնգրեսականների հարցերին կպատասխանի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի արդեն նախկին բանագնաց Քուրտ Վոլքերը, մեկ շաբաթից էլ ցուցմունք կտա Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

Ի թիվս բարձրաստիճան այլ դիվանագետների, դեմոկրատները հարցաքննության են հրավիրել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարին, ով, ըստ մամուլի հաղորդումների, ներկա էր եղել վիճահարույց այդ հեռախոսազրույցին: Մայք Փոմփեոն այսօր առաջին անգամ հաստատել է այդ տեղեկությունը, զրույցի բովանդակությունը, սակայն, չի մեկնաբանել, մանրամասներ չի հայտնել:

«Այո, ես ներկա էի այդ հեռախոսազրույցին, քանի որ ես պետքարտուղար եմ արդեն մեկուկես տարի, և մանրամասնորեն գիտեմ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը մնում է անփոփոխ: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինայի նոր կառավարությանը Ռուսաստանի կողմից վտանգներին դիմակայելու, երկրի ներսում կոռուպցիան հաղթահարելու, տնտեսությունը զարգացնելու հարցում: Պետքարտուղարության պաշտոնյաները և ես այս նպատակներին ենք ծառայում, և կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը՝ չնայած բարձրացված այս աղմուկին», - նշել է Փոմփեոն:

Միացյալ Նահանգների նախագահի դեմ այս արշավը սկսել է շաբաթներ առաջ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ով ի պաշտոնե լսել էր Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը, դրա բովանդակության վերաբերյալ մտահոգությունները հանձնել էր թղթին և ուղարկել իր ղեկավարությանը: Բողոքի հեղինակը պնդել էր, թե Միացյալ Նահանգների նախագահը փորձել է ճնշում գործադրել օտար երկրի ղեկավարի վրա և ուկրաինացի առաջնորդից տեղեկություններ կորզել իր քաղաքական մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վերաբերյալ:

Սպիտակ տունն ավելի ուշ գաղտնազերծել էր հեռախոսազրույցի սղագրությունը, հրապարակվել էր նաև ազդարարի բողոքը, ինչից հետո էլ դեմոկրատները Կոնգրեսում նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց էին սկսել: Ընդդիմախոսները հիշեցրել էին, որ զրույցից առաջ Սպիտակ տան ղեկավարը անակնկալ սառեցրել էր Ուկրաինային տրամադրվելիք մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, եզրակացնելով՝ նախագահն օգտագործել է իր դիրքը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքները և պնդում, թե այս պատմությունը վհուկների ամենամեծ որսն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:

«Օրեցօր, որքան ավելի շատ եմ տեղեկանում, այնքան ավելի եմ համոզվում, որ այն, ինչ կատարվում է, ոչ թե իմփիչմենթ է, այլ՝ հեղաշրջման փորձ», - նախօրեին Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Մի քանի ժամ անց էլ հավելել է՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով առաջնորդում էր իր իմփիչմենթի գործընթացը, պետք է հրաժարական տա՝ իր խոսքերը Կոնգրեսում խեղաթյուրված ներկայացնելու համար:

«Դեմոկրատները կենտրոնացել են նախագահին պաշտոնանկ անելու վրա ընդամենը Ուկրաինայի նախագահի հետ շատ լավ զրույց ունենալու համար: Նրանք այս գործին են լծվել իմ նախագահ ընտրվելու առաջին իսկ օրից, ինչը շատ վատ է երկրի համար», - այսօր գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Պետքարտուղար Փոմփեոն էլ նախօրեին պնդել էր, թե դեմոկրատները ճնշում են գործադրում պետդեպի աշխատակիցների վրա: «Ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ կանխելու նպատակասլաց մասնագետների ուղղությամբ այդ ճնշումները», - Թվիթերում գրել էր Փոմթեոն: Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանել է՝ ինչին է դեմ և ինչու:

«Նրանց առաջադրած պահանջները ամբողջությամբ խախտում են իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը, նրանք ուղիղ դիմել են պետդեպի աշխատակիցներին, ասել են, որ նրանք չշփվեն պետքարտուղարության իրավական խորհրդատուների հետ, և ասել են, որ պետդեպի ներկայացուցիչները չպետք է ներկա լինեն: Մինչդեռ Սահմանադրությունը լիազորում է կառավարությանը ներկա գտնվել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր գործընկերների համար կարևոր տեղեկությունները, և մեր դաշնակիցներն էլ վստահ լինեն, որ պետդեպին տրամադրած նրանց տեղեկությունները պաշտպանված են: Ես չեմ հանդուրժի, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ճնշեն ու սպառնան պետդեպի աշխատակիցներին, դա անընդունելի է, և ես նման բան թույլ չեմ տա», - նշել է Փոմփեոն:

Դեմոկրատ կոնգրեսականներն ավելի վաղ պետդեպից պահանջել էին գաղտնազերծել նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցների բովանդակությունը: Ռուսաստանի նախագահն այսօր առաջին անգամ արձագանքել է շաբաթներ շարունակվող այս պատմությանն ու պնդել՝ դեմ չէ:

«Ես հո ամբողջը կյանքս նախագահ չեմ եղել, իսկ իմ նախկին աշխատանքը ինձ սովորեցրել է, որ իմ յուրաքանչյուր զրույց կարող է հրապարակվել», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Կհրապարակվեն արդյոք Ռուսաստանի նախագահի հետ Թրամփի զրույցները, թե ոչ՝ դեռ հստակ չէ: Դեմոկրատները, սակայն, այսօր արդեն հայտարարել են, թե պատրաստվում են դատական հայցով Սպիտակ տնից ստանալ իրենց հետաքրքրող զրույցների սղագրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը:


XS
SM
MD
LG