Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իմպիչմենտի նախաձեռնությունը երկրի համար խայտառակություն է»


Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը, Նյու Յորք, 25 սեպտեմբերի, 2019թ.
Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը, Նյու Յորք, 25 սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքից վերադառնալով Մերիլենդի նահանգ, վրդովմունքով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի հետ կապված սկանդալին և դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին:

Նա իր զայրույթն արտահայտել է Էնդրյուսի ռազմական օդակայանում, որտեղ իջնելով նախագահական ինքնաթիռից՝ պատրաստվում էր բարձրանալ ուղղաթիռ և մեկնել Սպիտակ տուն:

«Ողջույն բոլորին: Դա տեսա հեռուստացույցով, դա խայտառակություն է մեր երկրի համար, ահավասիկ, մի հերթական վհուկաորս: Այդ ամենն Ադամ Շիֆի թիմն է անում, իրենց սրբերի տեղ են դնում ու պատմություններ են մոգոնում: Սա հիրավի նողկալի է, սարսափելի բան է մեր երկրի համար», - ասել է Թրամփը:

Նա թվարկել է իր նվաճումները՝ ասելով, որ ամերիկյան տնտեսությունն առաջին է աշխարհում, զինված ուժերին հսկայական միջոցներ են տրամադրվել, հարկերը կրճատվում են, առջևում կարևոր աշխատանք է, պետք է քննարկել զենքի հարցը, զբաղվել ներգաղթով, բայց կաթվածահար վիճակ է, ոչինչ տեղից չի շարժվում, քանի որ դեմոկրատներն այնքան են սևեռվել իմպիչմենտի վրա, որ անտեսում են բոլոր հրատապ թեմաները:

Թրամփը պնդել է, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցը փայլուն էր, ոչ մի ճնշում իր կողմից ուկրաինացի պաշտոնակցի վրա չի եղել, դա հենց ինքը Զելենսկին է հաստատել:

Ապա Թրամփը դառնությամբ նշել է, որ Ադամ Շիֆն իրականում պետք է հետաքրքրվեր Ջո Բայդենի որդու՝ Հանթերի ակտիվությամբ, ուկրաինական գործարքից միլիոններ վաստակելու հանգամանքով, Ուկրաինայի դատաիրավական համակարգի աշխատանքին նրա հոր միջամտությամբ: Բայց դրա փոխարեն նա փորձում է Զելենսկու հետ զրույցից ինչ-որ բան հորինել:

Մինչդեռ դեմոկրատների ճամբարը շարունակում է Թրամփին մեղադրել երկրի համար վտանգավոր գործողությունների մեջ:

Երեկ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և անցած ընտրություններում Թրամփից պարտություն կրած դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը մասնակցել են Վաշինգթոնում կանանց իրավունքների հարցով խորհրդաժողովին, որտեղ խոսել են քաղաքական զարգացումների մասին:

«Սա շատ տխուր ժամանակ մեր երկրի համար: Ցավով եմ դա ասում ձեզ՝ մենք հայտնվել ենք մի վիճակում, որում, հավատում էինք, որ երբևէ չենք հայտնվի: Երբեք չէի մտածի, որ կունենանք նախագահ, ով այս գործողություններն է կատարում: Կարծում եմ, մեր հիմնադիրներ հայրերն էլ երբևէ նման բան չէին պատկերացնի», - ասել է Ներկայացուցիչների տան դեմոկրատական ղեկավարը:

«Մենք տևական ժամանակ գիտեինք, թե ով է Դոնալդ Թրամը՝ կոռումպացված գործարար, ով խաբել է մարդկանց, գիտեինք, որ նրա նախընտրական արշավին ներգրավվել և ամերիկյան ընտրություններին են միջամտել մեր օտարերկրացի մրցակիցները: Իսկ հիմա արդեն գիտենք, որ մեր նախագահի պարտականությունները կատարելու ընթացքում նա մեզ բոլորիս է վտանգի ենթարկել, քանի որ իր անձնական և քաղաքական շահերը վեր է դասել ամերիկացի ժողովրդի շահերից», - ասել է Հիլարի Քլինթոնը:

XS
SM
MD
LG