Մատչելիության հղումներ

Սանասարյանն ասում է, որ գործն ուղղորդվել է Վանեցյանի կողմից


ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյան, արխիվ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

«Զանգահարել եմ Արթուր Վանեցյանին ու առաջարկել, որ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթի գործընթացը համատեղ ստուգենք, դրանից հետո իմ դեմ քրեական գործ է հարուցվել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները հեմոդիալիզի պարագաների գնման չարաշահումների փաստով քրեական գործի հարուցումից հետո կասեցվել են:

«Վանեցյանն ինձ ասեց, որ վարչապետին ասեմ և վարչապետը իրեն հրահանգի, ես այդ մասին զեկուցել եմ վարչապետ Փաշինյանին, և դրանից հետո պարզվում է, որ գործը իմ դեմ հարուցվեց, երբ որ ես իրեն խնդրում եմ, որ եկեք այս ամեն ինչն այնպես անենք, որ բոլորի համար ակնհայտ լինի», - ասաց Դավիթ Սանասարյանը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Սանասարյանը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նպաստելով իր ղեկավարած ծառայության աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության գործունեությանը, օգտագործել է իր դիրքը ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Ասել է՝ թե Սանասարյանն իմացել է, որ իր ղեկավարած ծառայության աշխատակիցն առնչություն ունի հեմոդիալիզի պարագաների ձեռք բերման մրցությին մասնակցող «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ և փորձել է միջամտել մրցույթին: Սանասարյանի փաստաբաններից Արսեն Սարդարյանի խոսքով՝ իր վստահորդ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՊՎԾ նախկին աշխատակից Սամվել Ադյանի ցուցմունքների հման վար։

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասում է, որ «ես ունեցել եմ հեռախոսային խոսակցություն պարոն Սանասարյանի հետ, որի ընթացքում պարոն Սանասարյանին հայտնել եմ, որ տենդերին մասնակցել է մի ընկերություն, որը կապված է ՊՎԾ աշխատակիցների հետ, այդ ընկերությունը շատ լավ գնային առաջարկ է ներկայացրել և օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց ոնց որ փաստաթղթերի հետ կապված խնդիր կա», և իբր պարոն Սանասարյանը ճշտումներ անելուց հետո իր աշխատակիցների հետ ասել է՝ «որևէ խնդիր փաստաթղթերի հետ չկա»։ Խաչատրայնն ասում է՝ «երբ որ դիալիզի հետ կապված այս խնդիրները ծագեցին, ես անհանգստացած էի և Ադյանին ասացի, որ՝ բա ի՞նչ է լինելու այս ամենը, կարո՞ղ է մենք դատվենք, դու ասում էիր՝ Սանասարյանը տեղյակ է, բա ի՞նչ եղավ»։ Երբ որ Ադյանը և Խաչատրյանը մտել են Սանասարյանի մոտ այս թեման բացել են, պարոն Սանասարյանն ասել է՝ «այսինքն, չհասկացա, եթե հանկարծ պարզվի դուք այդ ընկերությունների հետ կապ ունեք, շատ խիստ պատժվելու եք», սա Գևորգ Խաչատրյանի ցուցմունքն եմ ես ցիտում, ոչ թե պարոն Սանասարյանի և դրանից հետո Խաչատրյանն ասում է՝ «ես դուրս եկա, զարմացել էի, բա Ադյանն ինձ ուրիշ բան էր ասում» - ասաց Արսեն Սարդարյանը։

Լիազորությունները դադարեցված ՊՎԾ պետը կրկնեց՝ փորձել են մենաշնորհ կոտրել և սա բացատրել է նաև առողջապահության նախարարին։

«Նա ինձ ասում է, որ գնումների օրենքը իրեն հետաքրքիր չի, Հայաստան ներկրվում է ու 2,2 անգամ թանկով վաճառվում է պետության վրա։ Գնումների մասին օրենքը հստակ պահանջ է դրել, որ չի կարելի կոնկրետ կազմակերպության արտադրանքի անուն նշել, կոնկրետ և՛ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, և՛ Վանաձոր ԲԿ-ում կոնկրետ մոդելներ են նշված, որ այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել, ուստի դրա արդյունքում այդ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ սպասարկել է գերշահույթ է ստացել, էսօր Քննչական կոմիտեում քննվում է հենց այդ հարցը», - նշեց Սանասարյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում արձագանքել է Սանասարյանի ու նրա փաստաբանների՝ իրեն ուղղված հայտարարություններին:

«Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրանց տան նորից իրավական գնահատական», - ասաց Թորոսյանը։

Դիտարկմանը, որ Սանասարյանն ասում է, որ այդ փաստերից ոչ մեկը չի ապացուցվել, առողջապահության նախարարը պատասխանեց. «Դա իմ խնդիրը չի։ Եթե ես ինձ հայտնի տեղեկատվություն եմ ներկայացրել համապատասխան մարմիններ, ապա ապացուցման բեռը, կարծում եմ, իրավապահ մարմինների վրա է և ոչ թե իմ»։

Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ Սանասարյանը հայտարարել, որ կարեկցում է Թորոսյանին և իր գործողություններում հանցակազմ կա, Թորոսյանն արձագանքեց. «Եթե որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետության և նույնիսկ ոչ քաղաքացի կարծում է, որ որևէ մեկի գործողություններում կա հանցակազմ նա կարող է դիմել համապատասխան իրավապահ մարմինների, իրավական գնահատական տալու համար, իսկ անձնական դաշտ ճիշտն ասած չէի ուզենա մտնել, որովհետև ի տարբերություն իրա ես իրեն չեմ կարեկցում, հակառակը՝ կարծում եմ, որ նա պետք է հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից իր ապագան պլանավորելու գործում»։

Սանասարյանի ու նրա փաստաբանների խոսքով՝ այս գործն ուղղորդված է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, Թորոսյանն էլ շահագրգիռ կողմ է: Հարցին՝ շարժառիթը ո՞րն է, Սանասարյանը պատասխանեց՝ «ինձ մեկուսացնելը»: Փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանն էլ ընդգծեց՝ փաստորեն Դավիթ Սանասարյանը մտել է ստուգումների համար մի տեղ, որտեղ նրան չեն սպասել։

ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանն ավելի վաղ պնդել էր, որ Սանասարյանի մեղադրանքը հիմնավոր է, այսօր, սակայն, «Ազատությանը» չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։

ԱԱԾ մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ այլ որոշում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից չէր սպասում։

«Ամեն ինչ գալիս է այդ անձնավորությունից, մի անձ, որը պետք է դեռևս մեկուկես տարի առաջ հրաժարական տված լիներ, այլ ոչ թե գնար և վարչապետ Փաշինյանի մոտ երդում ուտեր և ասեր, որ ինքը արդեն վերափոխվել է և պայքարելու է նախկին՝ իր շատ մոտ բաժակակից ընկերների դեմ», - ասաց Պետրոսյանը։

Արձագանքելով Ինեսսա Պետրոսյանի այս հայտարարությանը, գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց՝ փաստաբանը գլխավոր դատախազի հասցեին մերկապարանոց հայտարարություններ անելն է դարձրել իր պաշտպանյալների շահերը պաշտպանելու հիմնական միջոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG