Մատչելիության հղումներ

Փաստաբանը պնդում է՝ «Սանասարյանի դեմ կեղծ ցուցմունքներ են տրվել»


ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, արխիվ
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող բուռն քննարկումներին այսօր անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է՝ այդ քննարկումներից եզրակացրել է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։

«Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա», - նշել է վարչապետը։

Ազգային անվտանգության ծառայության առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի, ով թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էր։ Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։

«Ես համաձայն չեմ վարչապետի հետ էն առումով, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման ռեակցիան ընկերական, ախպերական, ոնց որ ինքն է ասում, արդյունք է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանի խոսքով՝ Սանասարյանի օգտին խոսողներից մեկն էլ ինքն է։ Սակայն, ասում է՝ այստեղ, այսպես ասած, ախպերական հարաբերություններ չկան։ Հիշեցնում է՝ իրենց կազմակերպությունը դեռ խորհրդարանական ընտրություններին բարձաձայնել է, որ այն ժամանակ պատգամավորի թեկնածու Սանասարյանը վարչական ռեսուրս է չարաշահել։

«Դավիթ Սանասարյանը, եթե օրենքը խախտում է, պետք է պատասխանատվության կանչվի, եթե մենք բռնացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը օրենքը խախտել է, մենք դրա մասին բարձրաձայնում ենք անկախ անձնական հարաբերություննեից։ Էս դեպքում մենք տեսնում ենք խնդիրներ, մենք տեսնում ենք խնդիրներ քրեական գործի ընթացքի հետ», - նշեց Իոաննիսյանը։

ԱԱԾ-ում հարուցված գործը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանը, մեղադրանքը շինծու է որակում։ Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի համոզմամբ՝ իրականացնվող քրեական հետապնդումն անօրինական է։ Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Սանասարյանի վրա շինծու գործ է կարվում, նրա դեմ կեղծ ցուցմունքեր են տրվել, այդ թվում՝ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները։

«Խնդիր կար նաև երևի պարոն Սանասարյանին մեկուսացնել այս բարձր պաշտոնից, այդ կարող էր նաև հիմք հանդիսանալ, որովհետև պարոն Սանասարյանը մենք գիտենք ինչպիսի ազնվագույն անձնավորություն է և ինչ պայքար է մղել կոռուպցիայի դեմ և մտել է ոլորտներ, որտեղ նա հավանաբար երևի չպետք է մտներ», - ընդգծեց Ինեսսա Պետրոսյանը։

Սանասարյանի պաշտպանի ձևակերպմամբ՝ հին բարքերն են սկսել աշխատել, մարդականց բերել են այն վիճակի, որ սուտ ցուցմունք տան։

«Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծ կարող է այնպես ստացվի, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև երկրի վարչապետ, ասենք, իրան սխալ զեկուցվի, ներկայացվեն ինչ-որ ցուցմունքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով են անձինք տվել՝ իրենց կաշին փրկելու համար», - ասաց Պետրոսյանը։

Ավելի վաղ հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել Սանասարյանի ղեկավարած ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, որը դեռ կալանավորված է, և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որին ստորագրությամբ ազատ են արձակել։

«Ասում եմ այն, ինչ որ Վերահսկողական ծառայությունն է հայտնաբերել։ Եղել է հետևյալ իրավիճակը՝ մի քանի հիվանդանոցներ մրցույթը հայտարարում էին այնպես, որ այդ մրցույթի արդյունքում արդեն պարզել են, թե ով է հաղթելու», - նշեց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանը խուսափում է քրեական գործը շինծու համարելուց, բայց ասում է՝ բազմաթիվ խնդիրներ կան. բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Ըստ նրա՝ խնդիրներից միայն մեկն է քննվել։

«Ոնց էր ստացվում, որ, ըստ էության, այնպես էին մրցույթները կազմակերպվում, որ դրանց արդյունքում շահող էին դուրս գալիս Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի կազմակերպությունները, իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Ո՞նց էր այսպես ստացվում, արդյո՞ք սա քննության առարկա եղել է, թե՞ ոչ», - հարց է բարձրացնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը։

Հեմոդիալիզի սարքավորումների քրեական գործից հետո Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները պնդել էին, որ իրենք փորձել են մենաշնորհ կոտրել: Սարքավորումների դաշտում արդյո՞ք մենաշնորհ կա՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնահատակներ չի տալիս։

«Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ներկրում են բազմաթիվ սարքավորումներ, դեղորայք, պարագաներ։ Եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ և գերիշխող դիրք, դրանով պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)», - ասաց Թորոսյանը։

Դանիել Իոաննիսյանի համոմզամբ՝ գնումների օրինականությունը ՏՄՊՊՀ-ի լիազորությունների դաշտում չէ. ֊ «Գնումների օրինականության վերահսկողությունը, այդ թվում՝ ՊՎԾ-ի լրազորություններում է և ՊՎԾ-ն իր այդ ֆունկցիաներն իրականացնելու սահմաններում տեսել է էական խնդիրներ»։

Վարչապետը Սանասարյանին աջակցողներին անդրադառնալով՝ գրել էր, որ Դավիթն իր ընկերն էլ է, բայց նաև վստահեցրել է՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։

«Ընդդիմադիր լինի, թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական... Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում», - գրել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG