Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չպետք է խախտել


Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին վերաբերող քրեական գործին՝ հայտարարեց, թե որևէ մեկի անմեղության կանխավարկածը չպետք է խախտել:

Վարչապետին փոխանցեցին Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարությունը, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում»։

«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է: Դուք եք Հայաստանի Հանրապետության կյանքը լուսաբանում, Դուք պատասխանեք էդ հարցին՝ հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չի: Բայց ես ուզում եմ շեշտել, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել: Եվ երկրորդը, կապ չունի ով․․․ ես բազմիցս եմ ասել՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանն անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանն ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:

Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանն օրերս դիմել է դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին անդրադառնալով փաստաբանի այդ դիմումին՝ հայտարարել էր, որ տեղափոխման համար հիմքեր են պետք, և երբ դրանք լինեն, տեղափոխումը կիրականացվի:

Դավիթ Սանասարյանի և նրա փաստաբանի խոսքերը լրագրողները այսօր ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Վանեցյանն արձագանքեց․ - «Ես չեմ ուզում նման հայտարարություններ առհասարակ մեկնաբանել: Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ «գործ կարելու», «գործ սարքելու» և այլն, նման դեպքեր չեն եղել: Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և Ազգային անվտանգության ծառայությունը այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի արդեն դատարան, և դատարանում դուք բոլորդ և առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Եվ հանրությունը, լրագրողական միջավայրը և մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:

Սանասարյանի ենթակային ազատ արձակելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում

Երեկ կալանքից ազատ արձակվեց հեմոդիալիզի գործով կալանավորված ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, և այդ քրեական գործով այսօր անազատության մեջ գտնվող մարդ այլևս չկա:

«Ազատության» դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցուցմունք են տվել Սանասարյանի դեմ, հետևաբար ազատ են արձակվել, Վանեցյանն արձագանքեց․ - «Ես գիտեի, որ նման շահարկումներ լինելու են, դրա համար խնդրեցի, որպեսզի մեր մամուլի ծառայությունը հանդես գա համապատասխան հայտարարությամբ: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը, և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել են վերաքննիչ դատարան և կսպասենք դատարանի որոշմանը:
ԱԱԾ տնօրենն այսօր անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքին: «Մարտի 1»-ի քրեական գործով գեներալ-գնդապետին մեղադրանք է ներկայացված Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Անցած տարվա հուլիսին նրա նկատմամբ հետախոզում հայտարարվեց, որից հետո պարզվեց՝ մոտ 15 տարի Զինված ուժերի Գլխավոր շտաբն ու Պաշտպանության նախարարությունը գլխավորած անձը օտար պետության քաղաքացի է:

Հարցին, թե արդյո՞ք սա ազգային անվտանգության խնդիր չէ, Վանեցյանը պատասխանեց․ - «Պաշտպանության նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց Պաշտպանության նախարար պարոն Հարությունյանը քանի տարի է արդեն չի աշխատել․․․ Ամեն դեպքում Զինված ուժերը անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG