Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվել են


Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Մասնավորապես, Սանասարյանին մեղադրում են իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները իր շահերից ելնելով չկատարելու հոդվածով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների կամ պետության օրինական շահերին։

Ըստ քրեական գործի նյութերի՝ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Դավիթ Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին։

ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության տարածումից հետո Ֆեյսբուքում գրառում է արել Դավիթ Սանասարյանը` մասնավորապես նշելով, որ «միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում», ապա ավելացրել է, որ իր դեմ իրականացվողը շինծու է և «դա անգամ ապացուցման կարիք չունի»։

Այսօր ավելի վաղ Սանասարյանը կտրուկ հերքեց լուրերը, թե ինքը որևէ կոռուպցիոն գործարքում կարող է ներգրավված լինել։ Չցանկանալով բացել նախաքննական գաղտնիքներ՝ նա, այնուամենայնիվ, ասաց, որ թույլ չի տա արատավորել իր բարի համբավը։

«Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել», - նշեց Սանասարյանը։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի հետ ամբողջությամբ համաձայն չէ, ասաց Սանասարյանը, միևնույն ժամանակ հստակ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք համարում է, որ ԱԱԾ-ն իր դեմ է աշխատում։

«Ես չեմ կարող նման բան ասել, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքայնորեն չեմ կապվում, մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ և ինչպես ասել եմ, մի անգամ էլ հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ», - ընդգծեց ՊՎԾ պետը։

Միևնույն ժամանակ, Սանասարյանը հայտարարեց, թե բացառում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում Հայաստանի վարչապետի պատվերով։ Հարուցված քրեական գործի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է Փաշինյանին։

«Երկրի վարչապետը չի կարող ուրիշ բան ասել, քան՝ հավաստել, որ նախ ինքը չպետք է խառնվի նախաքննական մարմիններին, սա օրենքի պահանջ է։ Երկրի վարչապետը ուղղակի պետք է հետևի կոնկրետ գործընթացների, եթե զգա, որ այլ ուղղությամբ է գնում, ինքը համապատասխան իր դիրքորոշումը հայտնի», - ասաց Սանասարյանը։

Փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ հարուցել են քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, որը մինչ օրս կալանավորված է, և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, վերջինն էլ ստորագրությամբ ազատ է արձակվել։

ԱԱԾ-ից չեն հայտնում, թե ինչ ապացույցներ կամ ցուցմունքներ կան Սանասարյանի դեմ, սակայն լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ կալանավորված Սամվել Ադյանը ցուցմունք է տվել Սանասարյանի դեմ։ Ինքը՝ Սանասարյանը, այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում այդպես էլ չմեկնաբանեց այդ տեղեկությունը, միայն նշեց. «100 տոկոսանոց կարող եմ ասել, որ ես չեմ կարող որևիցե կոռուպցիոն գործարքների մեջ լինեմ, որևիցե նման ապացույց չի կարող լինել։ Մարդկանց խոսքերի վրա չեն կարող ինձ մեղսագրել նման արարքներ»։

Սանասարյանը ողջ զրույցի ընթացքում միայն ակնարկեց, որ կասկածներ ունի, թե իր դեմ, այսպես ասած, գործ է կարվում, այդպես էլ սլաքները որևէ մեկի ուղղությամբ հստակ չուղղելով։ «Վերահսկողական ծառայությունը ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտները կարող է տրորի և օրենքի շրջանակներում, իհարկե», - ասաց նա։

Մինչև Ազգային ժողովի ընտրությունները կես տարի Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ աշխատած, այժմ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը այսօր խորհրդարանում հերքեց մամուլում շրջնառվող լուրերը, թե ինքն է ցանկանում Դավիթ Սանասարյանի փոխարեն դառնալ ծառայության ղեկավար։

«Ոչ, ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներում», - նշեց Ուլիխանյանը։

ԱԱԾ-ն այսօր երեկոյան նաև հայտնեց, որ դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG