Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարին կհարցաքննեն Թրամփ-Զելենսկի զրույցի սկանդալի կապակցությամբ


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատաար Ջոզեֆ Մագուայեր, արխիվ

ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերն այսօր օրենսդիրներին պետք է հաշվետվություն ներկայացնի առ այն, թե ինչպես են պատկան կառույցներն արձագանքել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի բովանդակության կապակցությամբ մտահոգություն հայտնած հատուկ ծառայության գործակալի գրավոր դիմումին:

Գործակալի անունն առայժմ չի հրապարակվում: Նա մտահոգություն է հայտնել Թրամփի և Զելենսկու հուլիսի 25-ի հեռախոսազրույցի առիթով: Երկու ղեկավարների զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն հորդորել է ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրի և իր անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի աջակցությամբ հետաքննել նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական հավանական թեկնածու Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի ակտիվությունն Ուկրաինայում:

Այդ հեռախոսազրույցի սկանդալի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատները նախագահ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել:

Ազգային հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնակատար Մագուայերը վկայություններ է տալու Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովում: Ենթադրվում է, որ դա կլինի դռնբաց քննարկում: Դրանից հետո՝ արդեն դռնփակ նիստում, նա պետք է պատասխանի Սենատի նույնանուն հանձնաժողովի անդամների հարցերին:

Օրենսդիրները ցանկանում են Մագուայերին հարցաքննել, քանի որ նա վերջերս հրաժարվել է Կոնգրեսին տրամադրել Թրամփի և Զելենսկու հեռախսազրույցի կապակցությամբ գործակալի բողոքի փաստաթուղթը: Դա հակասում է օրենքին, որովհետև այդ ծառայությունը պարտավոր է Կոնգրեսին տեղեկացնել բողոքի մասին, եթե գլխավոր տեսուչը եզրակացրել է, որ այն հրատապ է և արժանահավատ:

Բողոքի բովանդակությունը միայն երեկ է մատչելի դարձել ԱՄՆ օրենսդիրների համար:

XS
SM
MD
LG