Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է Թուրքիային ներկայացնել F-35-ների հարցով նոր առաջարկ


F-35 տեսակի մարտական օդանավը, արխիվ

Haberturk օրաթերթի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները քննարկում է F-35 մարտական օդանավերի վերաբերյալ Թուրքիային նոր առաջարկ ներկայացնելու հնարավորությունը:

Թուրքական պարբերականը նշում է, որ դրա մասին հիմա Ամերիկայում միայն բանավոր են խոսում, սակայն ենթադրվում է, որ առաջիկայում ամերիկացիներն այդ տարբերակի մասին արդեն գրավոր կհայտնեն թուրքերին:

Ըստ Haberturk-ի, նոր գործարքի թեման արծարծել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը: Ավելին, դիվանագետի կարծիքով, Ամերիկան պետք է Թուրքիային վաճառի Patriot տեսակի հակաօդային պաշտպանության կայանքներ, իջեցնի պողպատի և ալյումինի սակագները և այդ երկրի հետ կնքի տնտեսական նոր համաձայնություն, ինչը թույլ կտա փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի:

Ավելի վաղ F-35 օդանավերի ծրագիրը թուրքերի համար նորից մատչելի դարձնելու մասին է խոսել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: Սեպտեմբերի 22-ին նա Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Գրեմն ասել է, որ «Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ոչ միայն Սիրիայի վիճակի, այլև ամբողջ տարածաշրջանի առումով»:

Անկարայի և Վաշինգտոնի միջև լուրջ վեճ է սկսվել, երբ Թուրքիան Ռուսաստանից 2.5 միլիարդ դոլարով գնել է С-400 (S-400) տեսակի հակաօդային պաշտպանության չորս դիվիզիոն:

Ամերիկացիները բազմիցս թուրքերին կոչ են արել հրաժարվել գործարքից, ապա, երբ ռուսները Թուրքիա են ուղարկել առաջին հրթիռները, ԱՄՆ-ում հայտարարել են, որ այլևս նպատակահարմար չեն համարում Թուրքիայի մասնակցությունը F-35 օդանավերի ծրագրին:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների համոզմամբ` С-400 տեսակի հրթիռները համատեղելի չեն արևմտյան զինատեսակների հետ և վտանգ են F-35 օդանավերի համար:

Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չեղարկել է այդ մարտական օդանավերի վաճառը և Թուրքիայի հետ դրանց համատեղ արտադրությունը:

Պենտագոնի տվյալներով` ծրագրի չեղարկման հետևանքով Թուրքիան կկորցնի մոտ 9 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG