Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքարում կաշկանդվածություն չունենք․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար


ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը Գյումրիում զրուցում է լրագրողների հետ, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

«Կաշկանդվածություն չունենք», - խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք», - ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը հայտարարեց՝ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և այդ գործընթացը ենթարկել «ռեստարտի»։ Վարչապետն ընդգծեց՝ եթե բավարար չափով սկզբունքային չլինեն այս հարցում, կոռուպցիան նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:

«Երբ ասում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, հասկանալի պատճառներով միշտ նկատի են առնվում նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, որ մենք այո՛, դա նկատի ունենք, բայց միայն դա նկատի չունենք և նույնքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա իմաստով, այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով: Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա քննարկումների արդյունքում նաև կապահովենք իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը, որովհետև այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում», - ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր «Ազատության» հարցին, թե ուժային համակարգի նոր ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետի հնչեցրած հայտարարությունը արդյո՞ք նշանակում է, որ Կառավարության ղեկավարը բավարարված չէր հատկապես կոռուպցիայի դեմ պայքարով, և ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնանկությունները նաև դրա հետ էին կապված, արձագանքեց. - «Հիշում եք պարոն Վանեցյանի հայտարարագիրը, որտեղ, ըստ էության, ինքը, էսպես, քաղաքական տեքստի մեջ ասում է՝ պետք է կանգ առնել։ Ես երեկ նաև նշեցի, որ կանգ առնել ի՞նչ է նշանակում՝ պայքարը դադարեցնել կոռուպցիայի դե՞մ: Կանգ առնել պարզապես հնարավոր չի, նաև հեղափոխության պահանջն է՝ լուծել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիներ շարունակ նախկին իշխանությունների ժամանակ, իսկ դրա մեջ ծանրակշիռ դեր ունի նաև կոռուպցիան, և կոռուպցիայի խնդիրը պետք է լուծել բոլո՛ր մակարդակներում՝ Զինված ուժերում, ուժային կառույցներում, ընդհանրապես ամեն տեղ: Կոռուպցիան պետք է նահանջի, որի նահանջի արդյունքում մենք կունենանք նաև հաղթանակներ տնտեսության մեջ, բոլոր բնագավառներում»:

Առաջնային խնդիրը համակարգային կոռուպցիան հաղթահարելն է, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Ռեստարտի կարիքը կա, բայց ոչ այնքան այն, որ ձերբակալություններ, և այլն՝ շեշտը դրվի դրա վրա: Դա, բնականաբար, պետք է, եթե կան հիմքեր, այո՛, պետք են ձերբակալություններ: Բայց այստեղ շատ ավելի կարևոր է, որ համակարգ ստեղծվի, որովհետև մենք գործ ունեինք համակարգային կոռուպցիայի հետ, ու եթե մենք ուզում ենք համակարգային կոռուպցիան հաղթահարել անդառնալի, այսինքն՝ որ այլևս դա չլինի, մենք պետք է ստեղծենք ինչ-որ մի համակարգ, որը կներառի ոչ միայն այդ բացահայտումը և օրենքի գերակայության հաստատումը, այլև կանխարգելումը և ամենակարևորներից մեկը բաղադրիչներից՝ բնակչության, քաղաքացիների մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության, այսինքն՝ կրթության այդ հարցերը, հակակոռուպցիոն կրթության, որպեսզի մարդիկ անհանդուրժողական լինեն կոռուպցիայի նկատմամբ: Սրանք նույնպես պետք է լինեն», - ասաց Հոկտանյանը՝ հավելելով․ - «Այսինքն, միայն կանչել ուժայիններին և ասել, որ պետք է ռեստարտ լինի, դա ընկալվում է որպես ռեստարտ նորից միայն այդ բացահայտումների, ձերբակալությունների և այլն: Դա շատ քիչ է»:

Վերջին օրերին Հատուկ քննչական ծառայությունը և Քննչական կոմիտեն հայտարարել են առերևույթ կոռուպցիոն դեպքերով մի քանի նոր քրեական գործերի մասին։ Այսպես, «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքում տեղ գտած չարաշահումների գործով երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ գործարար Սեդրակ Առուստամյանին, լրացվել է հետախուզման մեջ գտնվող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի մեղադրանքը՝ այս անգամ փողերի լվացման դրվագով, մեղադրանք է առաջադրվել նաև ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին։

XS
SM
MD
LG