Մատչելիության հղումներ

Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Աղաջանյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2019թ․
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Ի՞նչն է եղել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Ոստիկանության պետի հրաժարականի պատճառը: Չորեքշաբթի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մոտ մեկ ժամ տևած նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց` Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը պաշտոնանկ են արվել վարչապետի որոշմամբ:

«Պատճառների մասին կարող եմ ասել հետևյալը, որ երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել», - լրագրողների հետ զրույցում ասաց Աղաջանյանը: Հարցին էլ՝ եթե չի գոհացրել, ինչո՞ւ Օսիպյանը նշանակվեց վարչապետի խորհրդական, նա արձագանքեց․ - «Նրանք, կրկնում եմ, չեն գոհացրել, չեն բավարարել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վստահաբար, երբ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես՝ պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար՝ էդ կարգավիճակում, գտել է, որ օգտակար կլինի»:

Իսկ թե մասնավորապես ի՞նչը չի գոհացրել վարչապետին ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի աշխատանքում, Աղաջանյանը խուսափեց մանրամասնել, հիշեցնելով՝ նույն Վանեցյանի հրաժարականի մասին վարչապետը ևս հրաժարվել է մեկնաբանություններ տալ, քանի որ հարցը ազգային անվտանգության ոլորտին է առնչվում: «Դա, թերևս, այն ոլորտը չէ, որում կարելի մտնել մանրամասների մեջ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը, լրագրողներից մեկի հարցին էլ՝ «իսկ ո՞ւր մնաց ժողովրդի հետ բաց և թափանցիկ խոստացած աշխատանքը», պատասխանելով․ - «Ես կրկնում եմ՝ ազգային անվտանգության այն ոլորտը չէ, որի մասին կարելի է մանրամասն․․․»:

Իշխող կուսակցության վարչության անդամը անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի՝ հրաժարականից հետո տարածած հայտարարությանը, որում մի քանի թափանցիկ անկարկներ կային։ Վանեցյանը, ըստ էության, քննադատում էր իշխանության գործելաոճը, սթափության կոչ էր անում։

«Շատ կարևոր ենք համարում, որ պետք է արձանագրվի, որ դա եղել է վարչապետի որոշումը: Իր ասուլիսի ժամանակ հնչեցրած վարչապետի խոսքում այդ հարգալից տեքստը այդ թվում նաև պայմանավորված էր իր՝ գեներալների նկատմամբ հարգանքով», - ասաց Աղաջանյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի` արդյո՞ք սպասվում է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց՝ նման հարց իրենք չեն քննարկել: Տոնոյանի պաշտոնանկության մասին ևս մամուլը մի քանի օր է համառորեն գրում է:

Իշխանությունները դեռ չեն բացում փակագծերը, թե ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում ում թեկնածություններն են քննարկվում։ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար մինչ այս պահը նշանակված չէ, իսկ ոստիկանապետի պարտականությունները կատարում է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: «Այս պահին որևէ որոշում չկա», - ասաց Էդուարդ Աղաջանյանը, - «Որևէ նման հարց չի քննարկվել այս պահին»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին մասնակցում էր նաև վարչապետը, որը, սակայն, լրագրողների հարցերն անպատասխան թողեց:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից՝ երեկ:

XS
SM
MD
LG