Մատչելիության հղումներ

Վարչապետը կառավարությանը ներկայացրել է ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակտար՝ առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Ես կայացրել եմ որոշում, և Հայաստանի Հանրապետության [Ազգային] անվտանգության ծառայության տնօրենի տեղական Էդուարդ Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ: Ես տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Եվ ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Այսինքն ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը: Այս պահին կարող ենք մեր գործընկերներին շնորհավորել և հաջողություն մաղթել իրենց առաջիկա գործունեության մեջ», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ օրերին պաշտոնանակ արվեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Վերջինս, սակայն, նույն օրը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Վանեցյանը կշարունակի գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Արման Սարգսյան (Ձ) և Էդուարդ Մարտիրոսյան
Արման Սարգսյան (Ձ) և Էդուարդ Մարտիրոսյան


Ուշագրավ է, որ թե՛ գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և թե՛ գնդապետ Արման Սարգսյանը Հանրապետության նախագահի հրամանագրերով տեղակալներ էին նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո: Սարգսյանը՝ անցած տարվա մայիսի 18-ին, իսկ Մարտիրոսյանը՝ հոկտեմբերի 16-ին:

Երկու գնդապետներն էլ մոտ երկու տասնամյակ աշխատել են համապատասխան ուժային կառույցներում: 1978 թվականին ծնված Արման Սարգսյանը ոստիկանությունում է 2000 թվականից, իսկ 1974 թվականին ծնված Մարտիրոսյանը, ըստ մամուլի հրապարակման, ԱԱԾ շարքերում է 1998 թվականից:

Ուժային երկու կառույցների ժամանակավոր ղեկավարները կառավարության այսօրվա նիստից հետո այդպես էլ չիջան՝ պատասխանելու լրագրողների հարցերին:

Փոխարենը ոստիկանության լրատվական ծառայությունն այսօր կեսօրից հետո հանդես եկավ հաղորդագրությամբ, ըստ որի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակտար Արման Սարգսյանը երեկ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության ղեկավար կազմի հետ։

«Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը: Ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ», - լրատավական ծառայության փոխանցմամբ ասել է Սարգսյանը:

Հարցին, թե ինչու ընտրությունը կանգ առավ հատկապես այս երկու անձանց վրա, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ - «Երկու կառույցները կոչվում են վարչապետին կից կառույցներ, և համապատասխանաբար վարչապետն է որոշում ում և ինչ պաշտոնի նշանակի: Իր որոշումների շրջանակներում են իրականացվել այդ նշանակումները»:

Ինչպես հայտնի է, այս երկուշաբթի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:

Առաջարակը օրենքի ուժ ստանալու դեպքում ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները փաստորեն դառնում են քաղաքական, և վարչապետը կարող է այդ ուժային կառույցների ղեկավարներ նշանակել այդ գերատեսչություններից դուրս աշխատած մարդկանց:

Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին այսօր հարցրեցինք՝ արդյո՞ք կուսակցությունը որոշման է հանգել ուժայինների ղեկավար նշանակել քաղաքացիական անձանց, և ի՞նչ թեկնածությունների շուրջ են քննարկումները ընթանում:

«Նախաձեռնությունը բերվել է Ազգային ժողով, ինչպես գիտեք, քննարկման փուլում է: Դեռևս չի եկել կառավարություն քննարկման: Քննարկում տեղի չի ունեցել նաև դեռևս կուսակցությունում: Այդպիսի քննարկում լինելուն պես, կարծում եմ, տեղյակ կպահվի թե՛ հանրությանը, թե՛ լրատվամիջոցներին», - պատասխանեց նախարարը:

Հարցին, թե արդյոք քաղաքական պետք է լինեն այդ պաշտոնները, Արշակյանն արձագանքեց․ - «Դրա մասին բազմիցս խոսվել է: Կարծում եմ, որ վարչապետը բավարար մեկնաբանություններ տվել է: Իմ կարծիքով, երկու մոդելն էլ կարող են աշխատել: Պետք է ըստ առաջնահերթության նայել»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն այսօր «Ազատությանը» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԱԾ ու ոստիկանության նոր՝ ժամանակավոր ղեկավարներին ժամանակ անց փոխարինելու են գալու արդեն քաղաքացիական դեմքեր․ - «Աշխարհում այդ երկու տարբերակն էլ գործում է: Ես կարծում եմ, որ երկու տարբերակն էլ լինելու իրավունք ունի: Այլ խնդիր է, թե ինչքանով հնարավորություն կլինի հաշվի հաշվետվողականության հարցը բարձրացնել: Այնուամենայնիվ, ես ակնկալում եմ, որ կլինի Սահմանադրության փոփոխություն, որի արդյունքում ենթակայությունը կփոխվի․ այլևս հաշվետու չեմ լինի միայն վարչապետին, այլ հաշվետու կլինի նաև պառլամենտին»:

XS
SM
MD
LG