Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել: Այդ մասին նա հայտարարել է այսօր Կառավարությունում իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի», - ընդգծել է վարչապետը:

«Իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար ունի մի քանի կարևոր նպատակ, դրանցից մեկի մասին ես արդեն ասացի, որը պրոֆիլակտիկ նպատակն է, որ մենք բացառենք կոռուպցիոն երևույթի վերարմատավորումը Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Երկրորդ ուղղությունը ևս շատ կարևոր է, որ պետությանը և ժողովրդին հասցված վնասները վերականգնվեն: Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա:

Հաջորդ կարևոր ուղղությունը Հայաստանում, ի վերջո, այս առումով նաև կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունն է: Քանի որ գիտեմ, որ հարակից մեկնաբանություններ են լինելու, մեր այս գործողությունները միևնույն ժամանակ չպետք է որևէ կերպ լինեն կամ ընկալվեն որպես ռեպրեսիաների գործընթաց», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Կառավարության ղեկավարը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG