Մատչելիության հղումներ

19-ամյա վրացուհին, թեև կորցրել է աչքը, չի զղջում, որ այդ օրը հայտնվել էր խորհրդարանի մոտ


Մակա Գոմուրի, սեպտեմբեր, 2019թ․
Մակա Գոմուրի, սեպտեմբեր, 2019թ․

19-ամյա Մակա Գոմուրիին երեք ամիս է՝ մղձավանջի պես նույն պատկերն է հետապնդում՝ թբիլիսյան ցույցը, որի ընթացքում ռետինե փամփուշտի հարվածից աչքը կորցրեց:

«Դա ասես դրոշմված է ուղեղումս, ամեն ինչ հիշում եմ՝ ծուխը, մութը, հատուկ ջոկատայինները, նրանց վահանները, մարդկանց բղավոցն ու ճիչը: Օրեր շարունակ աչքիս առաջ այդ տեսարաններն էին ու մղձավանջի պես հետապնդում էին ինձ», - պատմում է նա:

Գոմուրին վնասվածքներ էր ստացել հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում, երբ իրավապահները բռնի ուժով ցրել էին հակակառավարական բողոքի ցույցը: Ոստիկանները գործի էին դրել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ, 240 մարդ վնասվածքներ էր ստացել, այդ թվում՝ Մական:

«Երբ գնդակը դիպավ աչքիս, ես տեղում հասկացա, որ այլևս կորցրել եմ այն: Հետո նաև քույրս ասաց, որ աչքս չկա, բայց ես արդեն գիտեի, թեև... դեռ որոշ հույսեր փայփայում էի», - ասում է Մակա Գոմուրին:

Օրեր անց արդեն վիրավոր աղջիկը դարձավ թբիլիսյան ցույցերի խորհրդանիշներից մեկը: Շաբաթներ շարունակ հարյուրավոր մարդիկ, ի նշան համերաշխության, փողոց էին դուրս գալիս մի աչքը փակած: Անգամ կարգախոսներ կային՝ «Խոստանում ենք հասնել արդարության», «Շնորհակալություն, Մակա, որ մեր աչքերը բացեցիր»:

«Երբեմն ինձ թվում է, թե բոլոր իշխող էլիտաները փորձում են վախ սերմանել հասարակության մեջ: Չգիտեմ՝ ինչու են այդ քայլին գնում: Հատկապես չեմ հասկանում, երբ քո՛ երկիրը, քո՛ պետությունն է քեզ հետ այդպես վարվում», - շեշտում է 19-ամյա վրացուհին:

Մական երկու վիրահատություն է տարել, մեկը՝ Վրաստանում, մյուսը՝ Գերմանիայում, բուժման համար վճարել է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի «Քարտու» հիմնադրամը: Աղջիկը, սակայն, ոչ միայն առողջության փոխհատուցում, այլև արդարություն է պահանջում: «Ուզում եմ իմանալ՝ ով կրակեց ինձ վրա», - «Ազատության» վրացական ծառայությանն ասել է նա:

«Անցած երեք ամիսները դժոխային էին, ես շատ բանի միջով անցա՝ մի քանի վիրահատություններ տարա, ցավն անտանելի էր ... փորձում եմ մոռանալ, բայց այ պատկերները դեռ հետապնդում են ինձ, բռնել ու բաց չեն թողնում...», - նշում է Գոմուրին:

Հակակառավարական բողոքի այս ալիքը սկսվեց անցած հունիսին, երբ ռուսական Պետդումայի պատգամավորներից մեկը նստեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հիմնականում ուղղափառ երկրների միջխորհրդարանական նիստը նախագահելու: Ժամեր անց հազարավոր վրացիներ հավաքվեցին խորհրդարանի շենքի մոտ՝ հիշեցնելով 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմն ու Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը:

«Ինչ-որ մեկը քեզնից խլում է հայրենիքդ, իսկ դու հետո նրան քո խորհրդարան ես հրավիրում: Դա անարգանք էր՝ ուղղված մեզնից յուրաքանչյուրին», - ասում է Մակա Գոմուրին:

Հիմա, թեև կորցրել է մեկ աչքը, Մական չի զղջում, որ այդ օրը հայտնվել է խորհրդարանի մոտ․ - «Յուրաքանչյուր ոք պետք է մտածի իր երկրի ճակատագրի, իր երկրի ապագայի մասին: Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում քեզնով զբաղվել»:

Հունիսից սկսված բողոքի ցույցերը նոր թափ առան այս ամսվա սկզբին. վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո իշխող կուսակցությունն այդ պաշտոնը վստահեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիային, ում ընդդիմադիրները մեղադրում են բողոքի ցույցերը բռնի ուժով ցրելու համար: Մական ասում է՝ ինքն էլ է մասնակցում ակցիաներին, բացի այդ՝ փաստաբան է վարձել, որ հետևի իր գործի քննությանն ու օգնի պարզել մեղավորներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG