Թալիբները հայտարարել են, թե պատրաստ են վերսկսել Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հարցով բանակցությունները Միացյալ Նահանգների հետ:
Այդ մասին թալիբներն ասել են Աֆղանստանում առնվազն 48 մարդու կյանք խլած ահաբեկչական խոշոր գործողությունից ընդամենը մի քանի ժամ անց:
ԱՄՆ-ի և թալիբների բանակցությունների օրակարգում խաղաղության հաստատումն է, որը ենթադրում է նաև Աֆղանստանից ամերիկացի հազարավոր զինծառայողների դուրսբերում:
Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով բանակցություններն ընդհատվել են այն բանից հետո, երբ Քաբուլում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ահաբեկչական գրոհ, որի հետևանքով սպանվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ մի ամերիկացի զինվոր:
Աֆղանստանի կառավարության պատվիրակներն այդ բանակցություններին չեն մասնակցում:
Թալիբները պնդում են, թե պայքարը շարունակելը բնավ խոչընդոտ չէ բանակցությունների համար:
«Ամերիկացիներն էլ ընդունել են, որ հազարավոր թալիբների են սպանել, բայց մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - BBC-ին ասել է թալիբների քաղաքական թևի ղեկավար Շեր Մոհամադ Աբբաս Ստանիկզայը:
Վաշինգտոնը նշել է, որ թալիբները փորձում են ուժի դիրքերից բանակցել, ինչը Միացյալ Նահանգների համար անընդունելի է: