Մատչելիության հղումներ

Փաշինյանը նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր շուրջ 1 ժամ 20 րոպե տևած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ավարտին հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

«Մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք լեգիտիմ, մեր կողմից առաջադրված պայմանը և ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ եզրակացությանն է հասել այս պահի դրությամբ իր մոտ առկա տեղեկատվությամբ:

Հեռարձակման ընթացքում ներկայացնելով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ նախապատմությունը, իրեն ներկայացված փաստերը, փորձագիտական գնահատականները և հիշեցնելով նախկինում իր արած հայտարարությունները և գնահատականները, Փաշինյանը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ կառավարության ունեցած տեղեկատվությունը հստակ է՝ հանքի շահագործումը չի վնասում Սևանին և Ջերմուկին:

«Եվ ասում եմ՝ չվնասել ասելով նկատի չունենք, որ՝ 10 լիտր ջուր աղտոտված պետք է լցվեր Սևանի մեջ, գոնե ընենց անենք, որ 1 ֊ 1.5 լիտր կամ 20 գրամ լցվի: Ոչ մի լիտր աղտոտված ջուր: Եվ աղտոտվածության բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով պետք է աշխատի: Եվ մեր եզրակացությունը, մեր ընթացակարգերով եզրակացությունը այսպիսին է», - նշեց վարչապետը:

«Եվ եթե տեսականորեն ի հայտ կգա տեղեկատվություն, որը իմ այս գնահատականը գլխիվայր կշրջի՝ ես ոչ մի բանով կաշկանդված չեմ», - նաև հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհն արդեն 1 տարուց ավելի է՝ փակ է։ Այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուսլարի հարակից համայնքների բնակիչները, որոնք դեմ են իրենց համայնքների տարածքում հանքարդյունաբերության իրականացմանը։

Այսօր առավոտից բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ էին կիրառել՝ վերականգնելով երթևեկությունը և բերման ենթարկել ցուցարարներից 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG