Մատչելիության հղումներ

«Էլարդ»-ի փորձագետ․ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է և թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել ազդեցությանը


«Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարում է, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է  Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:

«Լիդիանի ՇՄԱԳ-ը թերի է և թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը: Մեր հանձնարարությունն էր՝ գնահատել արժանահավատությունն ու վստահելիությունը նրանց ՇՄԱԳ-ի: Պատասխանը հետևյալն է՝ մենք չկարողացանք գնահատել՝ ելնելով բոլոր թերություններից», - 2,5 ժամ տևած տևած տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարեց «Էլարդ»-ի փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը:

Տեսակոնֆերանս անցկացվել է երեկ երեկոյան կառավարությունում՝ «Էլարդ»-ի 8 փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների ու խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեսակոնֆերանսն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, պատասխանողը «Էլարդ»-ի թիմն էր:

Արձագանքելով վարչապետի ճշտմանը՝ Նիդալ Ռաբահն նշում է․ - «Նրանց գնահատումը, նրանց ուսումնասիրությունը, նրանց հետաքննությունը․ լինի սոցիալական թե բնապահպանական ազդեցության, վստահելի չեն»:

Եթե գնահատումների թերի են, ինչպե՞ս են խոսում ռիսկերի կառավարման, մեղմման միջոցների մասին, հետաքրքրվեցին պատգամավորները: Ռաբալը պատասխանեց, թե իրենց առաջարկները կոնցեպտուալ են, ընդհանուր, որ կիրառվում են տարբեր երկրներում հանքարդյունաբերության մեջ․ - «Ամենուր նույնն է: Պետք է վերահսկել ջրի հոսքը, պետք է վերահսկել ստորերկրյա ջրերը, պետք է ախտահարված ջուրը նախքան միջավայր բաց թողնելը մաքրել, զտել»:

Քննարկումից պարզ դարձավ, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը, թե հանքի շահագործման ռիկերը կառավարելի են՝ «Էլարդ»-ի առաջարկած 16 մեղմման միջոցները կիրառելու դեպքում, և որ այդ 16-ից 10-ը «Լիդիան»-ն արդեն իսկ ծրագրել է, խնդրահարույց է:

«Ինչպե՞ս կարող էդպես պատահել, որ նույն փաստաթղթի մեջ «Էլարդ»-ը չտեսներ, իսկ Քննչական կոմիտեն տեսներ: Խնդրում եմ նախ «Էլարդ»-ի ներկայացուցիչները պատասխանեն», - ասաց վարչապետ Փաշինյանը:

«Էլարդ»-ի փորձագետների պատասխանը․ - «Մենք ասում ենք, որ իրենց առաջարկված մաքրման նախագիծն ու միջոցառումները անբավարար են տվյալ փուլում»:

Քննչական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ իրենք քրեական գործի շրջանականերում քննել են թե՛ «Էլարդ»-ի ու թե՛ «Լիդիան»-ի փորձաքննությունները, վերլուծել ու եզրակացրել: «Լիդիան»-ը ռիկսերի մեղմման 10 առաջարկն ունի։

«Էլարդ»-ին առարկություն ներկայացրեց նաև «Լիդիան»-ի փոխնախագահ Արմեն Ստեփանյանը: Նա պնդեց, որ ուսումնասիրությունները, ՇՄԱԳ-ը ամբողջական են:

Նիդալ Ռաբահը հակադարձեց․ - «Ձեր ուսումնասիրությունները ձախողված են, մեր բոլոր հարցերին ցիրկուլյար պատասխաններ եք տվել, պտտվել եք հարցի շուրջն ու ոչինչ չեք ասել: Մի շարք գործողություններ ընդհանրապես չեն ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ: Դուք հորերը փորել եք միայն բաց հանքի տարածքում, հարակից տարածքները չեն առհասարակ ուսումնասիրել: Ձեր թիմի պատասխանը այն էր, որ՝ աղբյուրները այնքան շատ են, որ մենք չենք կարող բոլորը ուսումնասիրել: Մենք ձեզ չենք խնդրել բոլոր աղբյուրները ուսումնասիրել»:

Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հաջորդ հարցը․ եթե կառավարության հրավիրած փորձագետները խոսում են ՇՄԱԳ-ում բազմաթիվ թերությունների մասին, իսկ այդ փաստաթուղթը 2016-ին դրական եզրակացություն է ստացել Բնապահպանության նախարարությունում, ինչպե՞ս է ստացվում, որ Քննչական կոմիտեն եզրակացրել է, թե հանքի շահագործման ռիսկերը թաքցնող պաշտոնյա չկա:

Հարցն ուղղվեց քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին, ով, ինչպես երեկ պարզվեց, ՇՄԱԳ-ը հաստատած Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է:​

«Պարոն վարչապետ, որևէ տվյալ չի թաքցվել ըստ էության: Բոլոր ուսումնասիրությունները, բոլոր հետազոտությունները ներկայացվել են, և դրա վերաբերյալ եզրակացություններ են արվել», - պատասխանեց Իվանյանը:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց հարցադրումը՝ եթե «Էլարդ»-ը ֆիքսել է, օրինակ, որ գոլորշիացման տվյալները չափազանցված են, ջրային բալանսը սխալ է հաշվարկված, ինչո՞ւ սրա հետևից չի գնացել, բնապահպանական ռիսկ պարունակող տեղեկությունը թաքցվե՞լ է, թե՞ ոչ․ - «Ինչո՞ւ «Էլարդ»-ի փորձագետը տեսել ա, որ տվյալը թերի ա, իսկ մեր Բնապահպանության նախարարության աշխատողը կամ պաշտոնյաները չեն տեսել, որ էդ տվյալը թերի ա: Եվ ինչո՞ւ դուք չեք տեսել, որ էդ տվյալը թերի ա, և ինչո՞ւ երբ որ «Էլարդ»-ը ասել ա, որ թերի ա, դուք էդ փաստին ուշադրություն չեք դարձրել»:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, թե չունեն տվյալ, որ նախարարության պաշտոնյան ինչ-ոչ բան է թաքցրել:

«Իսկ չե՞ք տեսել, որ տվյալները թերի են», - կրկին հարցրեց Փաշինյանը: - «Ես չեմ ասում, որ դիտավորության մասին հանգեք կամ չհանգեք եզրակացության: Առավել կարևոր ա, որ ո՞նց եք հանգել նրան, որ չկան բնապահպանական ռիսկեր»:

Հայկ Գրիգորյանն արձագաքնեց․ - «Ելնելով նրանից, որ եթե մաքսիմալ մեղմման միջոցները կիրառվեն, էդ թերությունների հետ հանդերձ, դրանք չեզոքացվում են»:

Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը հավելեց, որ «Էլարդ»-ի թիմը նշել է թերություններ ու սրանով պայմանավորված չի ասել, թե շրջակա միջավայրի աղտոտման ինչ ռիսկեր կան:

Պարզ չդարձավ, թե այս դեպքում ինչու Քննչական կոմիտեն չի հայտարարել, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա:

Տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյոք նոր գնահատման կարիք կա: Պատասխանը մինչև սեպտեմբերի 4-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG