Մատչելիության հղումներ

Վեհափառը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը օրհնում է հավատացյալներին, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը օրհնում է հավատացյալներին, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։ Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով: Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաև աշխարհասփյուռ հայոց հոգին և կյանքը», - մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում:

«Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին և նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ և ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաև հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

XS
SM
MD
LG