Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորում են Արցախի Հանրապետության օրը


Արցախի կառավարության շենքը Ստեփանակերտի կենտրոնում, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Արցախի Հանրապետության օրը:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես ասված է․

«Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:

<...>

Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։

<...>

Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին: Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:

Հայաստանի վարչապետը նաև գրառում է կատարել Ֆեյսբուքում․ - «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որ հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես ասված է․

«Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը:

<...>

1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին, հետո, երբ վտանգված էր ազատությունը, և հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար, այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ:

Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:

Այսօր էլ դեռ շատ են անելիքները մեր բարդ և հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման և անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն:

Այսօր, ավելի քան երբևէ, մենք հաստատակամ և ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին»:

Տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր նաև հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG