Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարար․ Քննարկման մեջ միավորել էինք դիվանագիտական կորպուսը և գործարարներին


Հայաստանյան դիվանագետների ամենամյա հավաքի ձևաչափն այս տարի փոխվել էր, մասնավորապես՝ Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների նախաձեռնությամբ առաջին անգամ դիվանագետների հավաքի մեկ օրն անցկացվեց Գյումրիում:

Այս ձևաչափն ընտրվել էր՝ դեսպաններին ներկայացնելու համար մարզերի հնարավորությունները, որպեսզի դիվանագետները դրսում ներդրողներ գտնեն և ուղղորդեն Հայաստանի մարզեր: Դեսպանները հանդիպել են հայ գործարարների, գինեգործների հետ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 1-ի թողարկման հյուրն էր արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից․

Արտակ Ապիտոնյան․ - Գինեգործները պատահական չէին ընտրված, որովհետև փորձել էինք հենց կոնկրետ Գործարար ասոցիացիայի միջոցով մի քննարկման մեջ միավորել մեր դիվանագիտական կորպուսը և միավորել Ասոցիացիայի անդամ բազմաթիվ գործարարների:

Այդ կապակցությամբ բավականին հետաքրքիր ձևաչափ էր, երբ որ դիվանագետներին ներկայացվում էր հայկական արտադրանքը, կոնկրետ ներկայացվում էին այն պահանջները, կոնկրետ ուրվագծվում են այն երկրները, որտեղ մեր գործարարները ցանկություն ունեն ընդլայնվելու, այսինքն՝ ոչ թե աբստրակտ, ընդհանրապես ընդլայնվելու, այլ՝ թիրախային որոշվում են երկրները, թիրախային որոշվում են այն միջոցառումները, որոնցում մասնակցելու են մեր գործարար շրջանակները: Եվ դիվանագետները այս դեպքում արդեն հանդիսանում են հարթակներ տրամադրողներ արտերկրում, ձևավորում են հարթակներ, որտեղ արդեն մեր գործարարները կարող են ակտիվ գործունեություն ծավալել և ընդլայնել իրենց և՛ արտահանումը, և՛ նաև ներդրումային ծրագրեր ներկայացնել:

«Հիմա խնդիրը դրվում է՝ ունենալ լիովին պրոֆեսիոնալ ծառայություն»

«Ազատություն»․ - Գաղտնիք չէ, որ նախկինում դիվանագիտական որոշ կետերում, նույնիսկ՝ կարևոր կետերում, մեր դիվանագետներից ոմանք զբաղվում էին տնտեսական գործունեությամբ, այսինքն՝ այստեղ շահերի հստակ բախման տարրեր կային: Հիմա դա տեսնում ենք, որ ավելի շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ են մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատում, և սա հետաքրքիր է, փոփոխություն է: Ի՞նչ եք կարծում, հիմա նման բանը բացառվո՞ւմ է, որ դիվանագետը, օգտվելով իր հնարավորություններից, արտերկրում զբաղվում է իր սեփական բիզնեսով կամ փորձում է հարստանալ՝ օգտագործելով հանրային միջոցները:

Ապիտոնյան․ - Դա օրենքով պատժելի գործունեություն է իրականում, եղել է նաև նախկինում օրենքով պատժելի գործունեություն, բայց պետք է նկատել, որ ինչ-որ մի պահ․․․ Հայաստանի դիվանագիտությունը անցել է 25-ամյա պատմություն, արդեն 27-ամյա, և բավականին հարուստ փորձ է կուտակված՝ և՛ դրական, և՛ բացասական առումով, եղել են նաև էքսպերիմենտներ, ինչ-որ մի պահ կառավարությունը որոշել էր նաև ներգրավել գործարար շրջանակներին, որպեսզի նրանց հնարավորությունները օգտագործեր դիվանագիտական գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Կային հաջողված փորձեր, բայց կային նաև շատ անհաջող փորձեր: Ամեն պարագայում, դա, կարծում եմ, մի փուլ էր, որը որ անցել է այժմ: Հիմա խնդիրը դրվում է՝ ունենալ լիովին պրոֆեսիոնալ ծառայություն, որտեղ դիվանագետները հանրային ծառայողներ են և սպասարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը արտերկրում: Եվ այս առումով փոփոխությունը բավականին նկատելի է:

Տեսեք՝ հիմա վերջին մեկ տարվա նշանակումներից, եթե ամփոփեմ, երևի մեկ-երկու դիվանագետ է, որ ունեն 20 տարվանից պակաս դիվանագիտական ստաժ: Այսինքն՝ դա ինքնին արդեն ցուցանիշ է, որը որ խոսում է պրոֆեսիոնալիզացիայի մասին ծառայության:

«Մտադիր ենք հնարավորինս արագ ավարտել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները»

«Ազատություն»․ - Բոլորին հետաքրքրում է Հայաստանում, թե ի վերջո երբ է լինելու Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի այդ հնարավորությունը, առանց վիզայի ճանապարհորդելու այդ հնարավորությունը: Որևէ նորություն կա՞ այդ բնագավառում, ի՞նչ կարող եք հաղորդել մեր հեռուստադիտողներին:

Ապիտոնյան․ - Բանակցությունները շարունակվում են Եվրամիության հետ, ներկայումս, գիտեք, նաև Բրյուսելում տեղի են ունենալու փոփոխություններ, նոր հանձնաժողովն է ստանձնելու պարտականությունները աշնանը, և կարծում եմ՝ դրանից հետո, որովհետև գնացող հանձնաժողովը նոր պարտավորություններ դժվար ստանձնի, մենք պետք է աշխատենք արդեն նոր հանձնաժողովի հետ՝ հնարավորինս արագացնելու:

Բայց նաև քայլեր ենք ձեռնարկում թե՛ Բրյուսելի հետ, թե՛ նաև երկկողմ հարթակներում մի շարք երկրների հետ, որտեղ որ ունենք մեծ հոսք Հայաստանից՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, ասենք, մի շարք այլ երկրների հետ եվրոպական, և այդ ուղղությամբ նույնպես բավականին զգալի, շոշափելի արդյունքներ ունենք, բայց դեռ բանակցությունները շարունակվում են:

Մենք մտադիր ենք հնարավորինս արագ ավարտել թե՛ այդ բանակցությունները, թե՛ այնուհետև նաև մեր ներպետական ընթացակարգերը:

«Ազատություն»․ - Մոտավոր հաշվարկ ունի՞ Արտգործնախարարությունը, թե երբ կարող են այդ բանակցությունները ավարտվել, կամ․․․

Ապիտոնյան․ - Կդժվարանամ ասել, բայց շատ բան կախված է նաև նոր հանձնաժողովի հետ վերսկսվելիք բանակցություններից:

«Կիրակնօրյա վերլուծականի» սեպտեմբերի 1-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG