Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետք է շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ․ Հայաստանի արտգործնախարար


Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում, այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի իր բացման խոսքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով՝ «Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը»:

Մնացականյանը կրկին փաստել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։

Արտգործնախարարը հատուկ ընդգծել է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:

«Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը», - ասել է նա: - «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:

Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ամբողջությամբ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG