Մատչելիության հղումներ

Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման հարցով խորհրդակցություններ է սկսել ԵՄ երկրների հետ


Հայաստանյան պատվիրակության խորհրդակցությունները Գերմանիայում, լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության
Հայաստանյան պատվիրակության խորհրդակցությունները Գերմանիայում, լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության

Հունվարի 15-17-ը Գերմանիա էր մեկնել հայաստանյան պատվիրակությունը՝ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ։ Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Ազատությանը» փոխանցեց՝ այսպիսով Հայաստանը ձեռնամուխ է եղել Եվրամիության անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ խորհրդակցություններին։

«Գերմանիան առաջին երկիրն էր, որտեղ անց են կացվել այդ ուղղությամբ խորհրդակցությունները: Հավելեմ, որ առաջիկայում նմանօրինակ խորհրդակցություններ են անցկացվելու ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ», - ասաց Նաղդալյանը:

Պատվիրակության կազմում են եղել նաև արտգործնախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։ Վերջինս մանրամասներ փոխանցեց այցի մասին:

«Այցի հիմնական նպատակն էր Գերմանիայի պատկան մարմինների հետ անցկացնել խորհրդակցություններ, քննարկումներ միգրացիոն հարցերի և հետընդունման հարցերի առավել լայն շրջանակի շուրջ։ Այցի ընթացքում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարությունում՝ պետքարտուղարի մակարդակով, արտգործնախարարությունում՝ ևս բարձր մակարդակի, Բունդեսթագում ենք ունեցել՝ մշտական հանձնաժողովի նախագահի մակարդակով, ինչպես նաև ունեցանք երկրամասային մակարդակով հանդիպում, այսինքն՝ երկրամասերից մեկի ներքին գործերի նախարարի հետ», - «Ազատությանը» ասաց Սամվելյանը՝ շարունակելով․ - «Հանդիպումների ընթացքում գերմանական կողմը իր գոհունակությունը հայտնեց ռեադմիսիայի հարցում, հետընդունման հարցում միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա Հայաստանի արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով այն հանգամանքը, որ երկու կողմերի միջև կա բավականին բարձր վստահության մակարդակ և բարձր համագործակցության, արդյունավետ համագործակցության մակարդակ»:

«Նաև հանդիպումների ընթացքում երկուստեք կողմերը կարևորեցին Հայաստան-Եվրամիություն, այսինքն՝ այդ թվում նաև անդամ պետությունների՝ Հայաստան և ԵՄ անդամ պետությունների միջև 2017-ի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը», - հավելեց ԱԳՆ պաշտոնյան:

Իսկ թե ինչով է պայմանավորված խորհրդակցությունների մեկնարկը՝ Սամվելյանն ասաց. - «Հայաստանը իր կողմից ստանձնված պարտավորություններին ձեռնամուխ էր եղել, սա առաջին երկիրն էր, ուր Հայաստանը այցելեց, այսինքն՝ երկխոսությունը խնդրո առարկան քննարկելու նպատակով՝ մի պարտավորություն, որը բխում է համաձայնագրից, որի մասին ասացի, և, ըստ էության, նպատակն էր այցի՝ մեկնարկ դնել, սկիզբ դնել այս երկխոսությանը, ինչից հետո արդեն կհաջորդեն հետագա քայլերը»:

Թե Եվրամիության անդամ այլ որ երկրներ է Հայաստանը մտադիր ուղարկել պատվիրակություն՝ այս հարցում դեռ հստակեցում չկա: «Դեպքերից առաջ չեմ անցնի, բայց մենք կարևորում ենք յուրաքանչյուրը երկիրը ԵՄ, որովհետև, ի վերջո, համաձայնություն և պայմանավորվածություն պետք է ձեռք բերել բոլոր 27-ի հետ, այնուհանդերձ, այս պահի դրությամբ նպատակահարմար է գտնվել, որ առաջինը լինի Գերմանիան, և հետո արդեն կմշակվի գալիք բանակցությունների օրացույցը: Միաժամանակ, Հայաստանը նաև ձեռնամուխ կլինի, պարզապես դա էլ հավելեմ, գործողությունների ազգային ծրագրի՝ այս ուղղությամբ, խնդրո առարկայի ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակմանը», - նշեց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև վիզաների ազատականացմանը, ասել էր, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, և գործընթացը դրական արդյունք է ունենալու:

«Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները Եվրամիությունից, օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, և եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար», - մայիսին հայտարարել էր ԵՄ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG