Մատչելիության հղումներ

«Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման»․ Բաքուն արձագանքում է Մնացականյանի ելույթին


Հայաստան -- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ են ունենում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովում, 27-ը օգոստոսի, 2019թ․

Պաշտոնական Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթին:

Երեկ, բացելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը, Զոհրաբ Մնացականյանը պնդել էր՝ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»։

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրացում»,- արձագանքել է պաշտոնական Բաքուն, պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում: - «Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ», -հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Երեկվա ելույթում Հայաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը. - «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել էր Մնացականյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան պնդել է․ - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:

Երեկ հայաստանյան դիվանագետների ամենամյա հավաքում հակամարտության կարգավորման ամսին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել, վերստին պնդելով՝ «ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է»:

XS
SM
MD
LG