Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Լոնդոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կայքը: Ըստ հաղորդագրության՝ դիվանագետն արդեն մեկնել է Ռուսաստան: Ժամանակավոր հավատարմատար է նշանակվել դեսպանի խորհրդական Իվան Վոլոդինը:
Անցած ապրիլին «Կոմերսանտ»-ը գրել էր, որ 64-ամյա Յակովենկոն հնարավոր է գլխավորի Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան: ԱԳՆ համակարգում նա աշխատում է 1976 թվականից:
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Սոլսբերիում Սկրիպալների թունավորումից ու ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացումից հետո Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը համարվում է «տոքսիկական»: