Մատչելիության հղումներ

Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին որոշում է ստորագրել՝ Սկրիպալների գործով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին որոշում է ստորագրել, այս անգամ՝ ի պատասխան Սկրիպալների թունավորման:

Ըստ արևմտյան պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա քիմիական հարձակումն իրականացրել են ռուսաստանյան իշխանությունները:

Թրամփի կողմից փաստաթուղթը ստորագրելուց րոպեներ անց արդեն ռուսաստանյան բորսայում արժեթղթերը 1,5-2 տոկոս գնանկում են գրանցել:

Մի քանի օր առաջ դեմոկրատ կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին սպառնում էին պատժամիջոցների մասին այդ հրամանագիրը չստորագրելու դեպքում սեփական քայլերը ձեռնարկել: Հիշեցնենք՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ունեն:

Ամերիկյան պատժամիջոցների առաջին փաթեթը ի պատասխան Սկրիպալների թունավորման պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է մոտ մեկ տարի առաջ: Մոսկվան, որը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Սկրիպալների թունավորմանը, պատժամիջոցները «դրակոնային» էր որակել: Ամերիկյան իշխանությունները, մինչդեռ, հակադարձում էին՝ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Պատժամիջոցների առաջին փուլով արգելվել է ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: Վաշինգտոնը նաև Մոսկվային 90 օր ժամկետ էր տվել՝ հատուկ պահանջներ կատարելու համար, ներառյալ՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մասնագետներին թույլատրելը Ռուսաստանի տարածքում ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ այնտեղ քիմիական և կենսաբանական զենք չկա: Պահանջները չկատարելու դեպքում կհետևի ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը՝ կնվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, կսահմանափակվեն արտահանման ու ներմուծման ծավալները, կարգելվեն ռուսական պետական «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքները Միացյալ Նահանգներ:

Ժամեր առաջ Սպիտակ տան ղեկավարի կողմից ստորագրված նոր պատժամիջոցների բովանդակությունը դեռ հայտնի չէ, The New York Times-ի տեղեկություններով՝ խոսքը միջազգային կառույցների կողմից Ռուսաստանին հատկացվող ֆինանսական օգնության և ամերիկյան բանկերի կողմից ռուսաստանյան իշխանություններին վարկերի տրամադրման արգելքի մասին է: Այս տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական այս պատժամիջոցներով Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատում է Մոսկվայի պատասխանատվությունը բրիտանական Սոլսբերի քաղաքում արգելված քիմիական զենքի` «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի կիրառման համար:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին 2018 թվականի մարտին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Պատժամիջոցները մշակած ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը ավելի վաղ շեշտել էր՝ սահմանափակումներն ընդունվում են ամերիկյան օրենսդրության շրջանակում: Քիմիական և կենսաբանական զենքերի մասին 1991 թվականի ակտը ԱՄՆ նախագահից պահանջում է կիրառել պատժամիջոցների երկրորդ փուլ, եթե նա ի վիճակի չէ պարզել՝ դադարեցրե՞լ է արդյոք տվյալ երկիրը քիմիական զենքի օգտագործումը երեք ամսվա ընթացքում:

Միացյալ Նահանգները վերջին տարիներին Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել` ինչպես պաշտոնյաների և գործարարների նկատմամբ, այնպես էլ՝ տնտեսության ոլորտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG