Մատչելիության հղումներ

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով՝ Պուտինը անձամբ է հավանություն տվել Սկրիպալների վրա հարձակմանը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Սկրիպալների թունավորման գործով կասկածվող Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով, կոլաժ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Սկրիպալների թունավորման գործով կասկածվող Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով, կոլաժ

Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, անձամբ է հավանություն տվել հայր և դուստր Սկրիպալների վրա հարձակմանը, սակայն ոստիկանությունը բավարար ապացույցներ չունի նրան պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Մենք ոստիկանության սպաներ ենք և մենք պետք է հիմնվենք ապացույցների վրա: Բազմաթիվ ենթադրություններ են եղել այն մասին, թե ով է պատասխանատու [Սկրիպալների վրա հարձակման համար], ով է հրաման տվել, և այդ ամենը հիմնված է Ռուսաստանի մասին փորձագետների գիտելիքների վրա: Ես պետք է հիմնվեմ ապացույցների վրա», - հայտարարել է Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական գերատեսչության ղեկավար Նիլ Բասուն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ոստիկանությունը պատրաստ է մեղադրանք առաջադրել հարձակման ենթադրյալ իրականացնողներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին, որոնց Լոնդոնը համարում է ռուսաստանյան հետախուզության աշխատակիցներ:

Բրիտանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով Ռուսաստանում դատապարտված և հետագայում Միացյալ Թագավորություն տեղափոխված Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան Սոլսբերի քաղաքում թունավորվել էին 2018 թվականի մարտին: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Լոնդոնը պնդում է, որ նյութը Սկրիպալին սպանելու համար Ռուսաստանից Բրիտանիա էին բերել ГРУ-ի գործակալները, որոնք սպանության պատվերը ստացել են Կրեմլից: Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Սկրիպալների հետ կապված աղմկահարույց դեպքից հետո արևմտյան մի շարք գերտերություններ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ է՛լ ավելի խորացնելով այդ երկրի տնտեսական մեկուսացումը: Անցյալ շաբաթ Վաշինգտոնը Սկրիպալների գործով Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանեց․ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված որոշման բովանդակությունը դեռևս չի հրապարակվում, ամերիկյան մամուլը, սակայն, գրում է, որ խոսքը միջազգային կառույցների կողմից Ռուսաստանին հատկացվող ֆինանսական օգնության և ամերիկյան բանկերի կողմից ռուսաստանյան իշխանություններին վարկերի տրամադրման արգելքի մասին է: Քիմիական և կենսաբանական զենքերի մասին 1991 թվականի ակտը ԱՄՆ նախագահից պահանջում է կիրառել պատժամիջոցների երկրորդ փուլ, եթե նա ի վիճակի չէ պարզել՝ դադարեցրե՞լ է արդյոք տվյալ երկիրը քիմիական զենքի օգտագործումը երեք ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG