Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, արխիվ:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, արխիվ:

Եվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ հայր և դուստր Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անցյալ տարվա մարտին 4-ին Սոլսբերի բրիտանական ավանում «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար:

Սահմանափակումների ենթարկվածների թվում են, մասնավորապես, Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ-ի) ղեկավարը, նրա տեղակալը և Սկրիպալների թունավորման հետ, ըստ Եվրոպական միության, առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնյաներ՝ ընդհանուր հաշվով 9 քաղաքացի և մեկ կազմակերպություն՝ հենց ГРУ-ի-ն:

«Եվրոպական միության սահմանած պատժամիջոցներն ունեն իրավական առումով փաստարկված շատ ուժեղ հիմք, որը միության անդամ երկրները մշտապես վերլուծում և գնահատում են առկա բոլոր եղանակներով»,- այսօր ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

Պաշտոնական հաղորդագրությունը պետք է առաջիկայում տեղադրվի Եվրոպական միության կայքէջում:

Այս պահին հայտնի է, որ ցուցակում են ГРУ-ի ղեկավարի պաշտոնակատար Իգոր Կոստյուկովը, նրա տեղակալ Վլադիմիր Ալեքսեևը և ռազմական հետախուզության սպաներ Անատոլի Չեպիգան, ով Բրիտանիա էր մեկնել Ռուսլան Բոշիրովի անձնագրով, ու նրա ուղեկից Ալեքսանդր Միշկինը, նույն ինքը Ալեքսանդր Պետրովը:

Եվրոպական միությունն այդ որոշումն ընդունել է ի պատասխան «քիմիական զենքի կիրառման»:

Պատժամիջոցները ենթադրում են ցանկում ներառված անձանց Եվրամիության տարածք մուտք գործելու արգելք և Եվրոպական միության տարածքում նրանց հաշվեհամարների սառեցում:

Բացի այդ, Եվրոպական միության քաղաքացիներին և կազմակերպություններին արգելվում է համագործակցել ցանկում ընդգրկված ռուսաստանցիների հետ:

Դեռ անցած շաբաթավերջին հայտնի էր, որ եվրոպացիները նոր պատժամիջոցներ կընդունեն: Այդ կապակցությամբ այսօր առավոտյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան խիստ բացասական է գնահատում եվրոպացիների նախաձեռնությունը:

Պեսկովը պնդել է, որ բրիտանացիները ռուսական կողմին չեն ներկայացրել արժանահավատ տեղեկություն, որը կապացուցեր Մոսկվայի առնչությունը Սկրիպալների թունավորմանը:

Խոսելով թունավորման անմիջական իրագործման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բաշիրովի մասին՝ Պեսկովն ասել է, թե այդ մարդկանց անհիմն մեղադրանք է ներկայացվել:

«Մենք տեսել ենք այդ արդեն հայտնի դարձած լուսանկարները, ի դեպ, գոյություն ունեն Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի քաղաքացիների բազմաթիվ լուսանկարներ, դրանք ուղիղ ապացույց չեն հանդիսանում, իսկ ավելի հիմնավոր նյութեր մենք բրիտանացիներից չենք ստացել, հետևաբար, մենք բացասական ենք գնահատում նմանօրինակ պնդումները, մեր մոտեցումը չի փոխվել»,- ասել է Պեսկովը:

Մինչդեռ, Մեծ Բրիտանիան ողջունել է Եվրոպական միության այսօրվա որոշումը:

«Այդ նոր պատժամիջոցները հստակ ուղերձ են անխոհեմ և անպատասխանատու քայլերի դիմող Ռուսաստանի ռազմական հետախուզությանը՝ ГРУ—ին, որը վտանգի է ենթարկել Բրիտանիայի անմեղ քաղաքացիների կյանքը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG