Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառին մերձակա Մեղրաքարում հրդեհը մեկուսացվել է․ ԱԻՆ․ ԼՐԱՑՎԱԾ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07 Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հաղորդում է ԱԻՆ-ը:

Ժամը 10:30-ի դրությամբ այրվում էր մոտ 17 հա բուսածածկ տարածք:

«Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում», - ասված է հաղորդագրությունում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:

Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Երեկոյան ԱԻՆ-ը հաղորդեց, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Նախարարությունը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արայի լեռան ստորոտում օգոստոսի 20-ին բռնկված հրդեհը երեկ երեկոյան մեկուսացվել է, իրականացվում է հերթապահություն, իսկ Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ընկերության սառնարանային շինության 3-5-րդ հարկերում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհը այսօր վաղ առավոտյան մարվել է:

Երկու տարի առաջ՝ 2017-ի օգոստոսին, Խոսրովի արգելոցում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի մարումը օրեր տևեց, այն էլ՝ միայն Ռուսաստանից հրավիրված հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի օգնությամբ: Հրդեհի հետևանքով այրվեց մոտ 3 հազար հեկտար տարածք:

XS
SM
MD
LG