Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում հրդեհը վերջնականապես մարվել է


«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարվել է:

Այսօր Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ խնդիրը լուծված է․ - «Խնդիրը գտնվում է Հանրապետության նախագահի և վարչապետի անմիջական հսկողության ներքո, և կարծում եմ, որ այս պահին ըստ էության խնդիրը լուծված է»:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը գործադիրի նիստում նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ:

ԱԻՆ ներկայացուցիչը նաև ներկայացրեց, թե ինչով էին պայմանավորված հրդեհաշիջման աշխատանքների դժվարությունները․ - ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին: Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ՝ 2.5 կիլոմետր պարագծով և 3 կիլոմետր խորությամբ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով»:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ամբողջովին ավարտվել են օգոստոսի 10-ից Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակայքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: Այնտեղ այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառներ:

Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ վերջին տարիներին փրկարարների արդյունավետ աշխատանքը հանրության մոտ տպավորություն է ստեղծել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ հնարավոր է րոպեների ընթացքում մեկուսացնել, սակայն, ըստ փոխնախարարի, անտառային հրդեհներն այլ են․ - «Անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ»:

Գործադիրի նիստից հետո ԱԻՆ փոխնախարարը լրագրողների հետ զրույցում ընդունեց, որ հրդեհաշիջման աշխատանքների համար տեխնիկական հագեցվածությունը բավարար չի եղել․ անտառային հրդեհների համար նախատեսված մեքենաներ ԱԻՆ-ը քիչ ունի․ - «Մենք ունենք տեխնիկա, բայց տեխնիկան բավարար չէ: Տեխնիկան ձեռք է բերվել մեր նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: Ինչո՞ւ չունենք հրդեհաշիջող ինքնաթիռ․․․ որովհետև բավական թանկ է․․․ Ամեն ինչ պետք է անենք, որ հասնենք տեխնիկական հագեցվածության»:

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի բռնկման չորրորդ օրը հրդեհաշիջման աշխատանքներին միացավ նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի «ԻԼ-76» ինքնաթիռը, որն արդեն դեպի Խոսրովի արգելով իրականացրել է 14 թռիչք:

ԱԻՆ փոխնախարարն այսօր պարզաբանեց, թե ինչու են ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով ռուսական կողմին դիմել հրդեհի բռնկումից միայն երկու օր անց․ - «Ամսի 12-ին հրդեհի ծավալները այդքան էլ մեծ չէին, և հույս կար, որ հնարավոր էր չեզոքացնել սեփական ուժերով: Բայց քամին արագացրեց հրդեհի տարածումը, իրավիճակը սեփական ուժերով կարգավորելու համար դարձավ անհնարին»:

«Ռուսական ինքնաթիռը հրդեհաշիջման արդյունավետ գործողություն է կատարել ու հիմա էլ հետմարման աշխատանքներ է կատարում», - ասաց Կարապետյանը՝ նշելով, որ հրդեհը միայն ինքնաթիռի շնորհիվ չի մարվել․ - «Դերակատարում է ունեցել և՛ ինքնաթիռը, և՛ ցամաքային ճանապարհով հարյուրավոր փրկարարները, քաղաքացիները, զինվորականները, ոստիկանները, ովքեր աշխատում են»:

Երեկ՝ Խոսրովի անտառում հրդեհի մարման օրը, նաև անձրև էր տեղացել: Այդուհանդերձ ԱԻՆ փոխնախարարը արդարացի չի համարում հրդեհի մարումը անձրևով պայմանավորելը․ - «Երկու անգամ կարճաատև անձրև է եղել Խոսրովում: Բարձր ջերմաստիճանի պարագայում շատ արագ գոլորշիացել է անձրևը, և, ցավոք սրտի, անձրևի ներգործությունը թույլ է եղել»:

Հատուկ պահպանվող տարածք «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի բռնկման պատճառների մասին մինչև օրս տեղեկություններ չկան: ԱԻՆ փոխնախարարը հորդորեց սպասել դեպքով հարուցված քրեական գործի արդյունքներին: Կարապետյանը նաև չմանրամասնեց արգելոցի կենդանական և բուսական աշխարհին հրդեհի հասցրած վնասների մասին՝ նշելով, թե դրանք դեռ պետք է հաշվարկվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG