Մատչելիության հղումներ

Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է. ԱԻՆ փոխնախարար


Հրդեհ Խոսրովի արգելոցում, արխիվ

«Ինչպես գիտենք, ամռանը «Խոսրովի անտառ» արգելոցում ունեցանք խոշորամասշտաբ հրդեհ, որի հետևանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է», - այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը նվիրված հանդիպում-քննարկման ժամանակ ասել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը։

Ըստ նախարարության, հանդիպմանը մասնակցել են այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում:

Նազարյանը նշել է. - «Կարծում եմ՝ ԱՄՆ փորձագիտական խումբն ու շահագրգիռ բոլոր մասնակիցներն արդյունավետ քննարկում կանցկացնեն, որի արդյունքում կունենանք կարևոր եզրահանգումներ»։

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջ.Կրոֆթը ներկայացրել է «ԱՄՆ անտառային ծառայության հրշեջ և ավիացիոն կառավարման համակարգի նկարագիրը» թեմայով զեկույց: Նա մասնավորապես նշել է, որ հրդեհների կառավարումը շատ ավելին է, քան կրակ հանգցնելը:

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար խիստ էական են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, ձևավորված կապերն ու հարաբերությունները:

«Լինելով կիրառական հակահրդեհային հարցերով բնապահպանական մասնագետ՝ ես ուրախ եմ այսօր այստեղ ԱՄՆ կառավարության անունից զրուցել ու փորձի փոխանակում կատարել մեր հայ գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հրդեհների կառավարման ռազմավարական աշխատանքները, վայրի բնության հրդեհների կառավարումն ու կանխարգելումը, և դիտարկել լանդշաֆտի առանձնահատկությունները հրդեհաշիջման աշխատանքներում», - ասել է Կրոֆթը:

«Նշենք, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Փորձագիտական խմբի անդամները վաղը՝ դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել է օգոստոսի 17-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG