Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հրդեհից կարճ ժամանակ անց «նկատվում է բույսերի վերաճ, տերևակալումներ»


Խոսրովի անտառի այրված հատված, օգոստոս, 2017թ․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն, արձանագրել են բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամները:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:

ԱՄՆ անտառային ծառայության աշխատանքային խմբի անդամները ժամանել են սեպտեմբերի 8-ին, հաջորդ օրն իսկ մեկնել են Խոսրովի անտառ: Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ: Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը (ճանապարհները, գետերը, աղբյուրները), գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Դիտարկումների արդյունքում ձևավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ:

Այսօր խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով:

ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք՝ «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մասին ահազանգը արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել էր օգոստոսի 12-ին, հրդեհը աստիճանաբար տարածվեց 16 կիլոմետր պարագծով՝ ընդգրկելով անտառի հարյուրավոր հեկտարներ: Օգոստոսի 17-ին հայտարարվեց հրդեհը վերջնականապես մարելու մասին՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» հրդեհաշիջման ինքնաթիռի օգնությամբ, թեև ծխացող օջախների մարման աշխատանքները շարունակվում էին ևս շուրջ մեկ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG